ՀԱԱՀ-ի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի 11-12-րդ դասարանների աշակերտները հանդես են եկել հերթական գեղեցիկ նախաձեռնությամբ, որ դարձյալ առնչվում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում բուժընթաց անցնող զինվորներին: Համալսարանի Հացի, հրուշակեղենի եւ շոկոլոդագործության լաբորատորիայում սովորեցին շոկոլադ պատրաստել՝ հատուկ Զինվորի տան հերոս տղաներին նվիրելու համար:
Այս գործում նրանց պատրաստակամորեն օգնեց դասընթացավար Գայանե Ապերյանը, որը բարձր է գնահատում վարժարանի սաների նախաձեռնությունը:
Վարժարանի սաները մի ավանդական նախաձեռնություն ունեն՝ «Մեկ շոկոլադ զինվորին». յուրաքանչյուր աշակերտ ամսական մեկ շոկոլադի արժեքի չափով գումար է տրամադրում եւ հավաքված գումարով մթերքներ գնում Զինվորի տանը բուժվող տղաների համար: Այժմ շատ ուրախ են, որ սեփական ձեռքերով պատրաստած շոկոլադը կարող են հասցնել այսօր այնտեղ գտնվող 60 զինվորներին: Մյուս կողմից, տիկին Ապերյանի շնորհիվ, կյանքի հմտությունների իրենց ցանկը հարստացրեցին շոկոլադագործության բնագավառի գիտելիքներով ու հմտություններով:
Զինվորի լավ բարեկամներ դարձած վարժարանցիները երկու օրում նրանց համար ավելի քան 100 շոկոլադե սալիկներ պատրաստեցին՝ տարբեր բաղադրությամբ ու զանազան համադրություններով, բայց բոլորն էլ՝ համեղ ու ախորժելի: