Նանոտեխնոլոգիաները սննդի արդյունաբերությունում․ Կրակովի գյուղատնտեսական համալսարանի պրոֆեսոր Գոհար Խաչատրյանի էրազմուսյան այցը

Սեպտեմբերի 9-13-ին ՀԱԱՀ-ն հյուրընկալեց իր հերթական էրազմուսյան հյուրին` Լեհաստանի Կրակովի գյուղատնտեսական համալսարանի Սննդի տեխնոլոգիայի ֆակուլտետի Սննդի որակի վերլուծության եւ գնահատման ամբիոնի պրոֆեսոր Գոհար Խաչատրյանին, որը մեր համալսարաւոմ էր դասավանդման եւ վերապատրաստման համակցված առաքելությամբ։

Այցը մեկնարկեց Միջազգային կապերի դեպարտամենտում, որից հետո հյուրը ծանոթացավ համալսարանի պատմությանն ու կրթագիտական գործունեության ուղղություններին։ Պրոֆ․ Խաչատրյանն իր հերթին հանգամանորեն ներկայացրեց Կրակովի գյուղատնտեսական համալսարանի պատմությունը, վերջին տարիներին իրականացված վարչակրթական փոփոխությունները, իր մասնակցությամբ իրականացված եւ իրականացվող միջազգային նախագծերը, ինչպես նաեւ իրենց համալսարանի համար ռազմավարական նշանակություն ունեցող զարգացման ու համագործակցության ոլորտները։

ՀԱԱՀ ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանը ներկայացրեց ՀԱԱՀ-ի միջազգային շարժունության նախագծերը, դրանց արդյունքները, ինչպես նաեւ կարողությունների զարգացմանը միտված միջազգային ընթացիկ նախագծերը։ ՄԿԴ աշխատակից Զարինե Պողոսյանը կազմակերպեց շրջայց  համալսարանում, որի ընթացքում պրոֆ․ Խաչատրյանին  ներկայացվեցին համալսարանի մի քանի նորարարական կենտրոնները՝ հացի եւ շոկոլադի, գարեջրագործության եւ թորման, սննդամթերքի անվտանգության, քիմիայի լաբորատորիաները, ընթերցասրահը, Ուսանողների հաջողության կենտրոնը, Գիտելիքի նորարարական հաբը  եւ այլ ենթակառուցվածքներ։

Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետում կազմակերպվեց բաց դասախոսություն, որի ժամանակ Գոհար Խաչատրյանը հանդես եկավ անչափ հետաքրքիր եւ նորարարական դասախոսությամբ՝ «Նանոտեխնոլոգիաները սննդի արդյունաբերությունում եւ ոչ միայն» թեմայով։ Մեր հյուրը  ներկայացրեց նանոնյութերի եւ նանոմասնիկների կիրառման օրինակները գյուղատնտեսության արտադրության մեջ եւ գնդաձեւ նանո/միկրոկառուցվածքների օգտագործումը սննդի եւ կենսաբժշկական կիրառություններում։ Բացի այդ, ներկայացվեցին եւ քննարկվեցին  նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ սննդամթերքի որակի եւ անվտանգության հիմնահարցերը:

Այնուհետեւ ծավալվեց աշխույժ քննարկում ուսանողների եւ պրոֆեսորի միջեւ։ Հյուրը սիրով հաղորդակից դարձրեց իր փորձին ու գիտելիքներին։ Բաց դասը կարեւոր էր մասնավորապես առաջինկուրսեցիների համար՝ ապագա մասնագիտության նկատմամբ հետաքրքրվածությունը խթանելու առումով։

Այցելությունն ավարտվեց Միջազգային կապերի դեպարտամենտում, որտեղ, հետագա համագործակցության նոր գաղափարները քննարկելուց հետո, Լեհաստանից ժամանած հայ պրոֆեսորը ստացավ Էրազմուսյան վկայականը։