Մեր բուհի ներկայացուցիչները ավանդաբար հաջող են հանդես գալիս միջբուհական մարզական ստուգատեսներում: Այս տարին, փառք Աստծու, բացառություն չէ: Այսպես, ժայռամագլցում մարզաձեւում խաղարկվող վեց մեդալից երեքը նվաճեցին մեր ուսանողները: Ընդսմին՝ մեկը ոսկե:
Աղջիկների մրցապայքարում ակնհայտ առավելությամբ հաղթող է դարձել ՀԱԱՀ մագիստրատուրայի սան Հերմինե Վարդանյանը: Տղաների մրցապայքարում Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետից առաջին կուրսի ուսանող Արմեն Մինասյանը երկրորդն էր, իսկ անասնաբուժականից Նարեկ Կիրակոսյանը՝ երրորդը: Ընդգծենք, որ տղաների հաղթողը ԵՊՀ-ից է, որը պրոֆեսիոնալ է եւ ՀՀ հավաքականի անդամ է: Այնպես որ սիրողական մակարդակով մենք փայլուն արդյունքներ ենք գրանցել:
Ճոպանի ձգում մարզաձեւում հաջողությունը ցավոք մեզ չուղեկցեց…
Առջեւում նոր մարզաձեւեր ու նոր մրցապայքար է սպասվում: Շնորհավորենք մեր ուսանողներին եւ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի աշխատակիցներին, ու մաղթենք նոր նվաճումներ: