ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում գործող Գիտելիքի նորարարական հաբում սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ հերթական հետաքրքիր միջոցառումը. «Ավագանու օգնականների խումբ» նախաձեռնության շրջանակում անցկացված հանդիպման ընթացքում մասնակիցները ծրագրի թիմի հետ քննարկեցին ավագանու անդամների հետ համատեղ աշխատանքի ընթացքը, դրանում առաջացող դժվարություններն ու լուծման ուղիները։
Հանդիպման երկրորդ մասում ավագանու օգնականները խաղացին «Step by step» ինտերակտիվ խաղը, որի միջոցով թարմացրեցին իրենց գիտելիքները եւ ծանոթացան համայնքային բյուջեին ու կառավարմանն առնչվող հարցերին։
Ինչպես հաղորդում է Գիտելիքի նորարարական հաբի պատասխանատու Տաթեւիկ Հովսեփյանը, «Step by step»-ի թիմը չսահմանափակվեց միայն հետաքրքիր, ճանաչողական ու օգտակար խաղը կազմակերպելով. նաեւ մրցանակներ հանձնվեցին հաղթողներին:
Հաբը գործում է «EU4Youth Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում (SEED) սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» նախագծի շրջանակում, որը ԵՄ աջակցությամբ իրականացնում է CENN ընկերությունը՝ հայաստանյան գործընկերներ Կանաչ Արահետ ՀԿ-ի, ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի եւ վրաստանյան գործընկեր KRDF-ի (Կախեթի տարածաշրջանային զարգացման հիմնադրամ) համագործակցությամբ: