Ուսանողության միջազգային օրը ՀԱԱՀ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի երրորդ կուրսի մի քանի ուսանողների համար լրացուցիչ գիտելիք կուտակելու եւ մասնագիտական օգտակար շփումներ ծավալելու լավ առիթ էր․ապագա տնտեսագետները հյուրընկալվել էին Հայաստանի բանկերի միությունում։ Նրանց անձամբ ընդունել է ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը, որը, առանձնակի կարեւոր համարելով երիտասարդության ներուժը տնտեսության եւ մասնավորապես՝ բանկային համակարգի զարգացման գործում, շնորհավորել է բոլորին տոնի առթիվ՝ մաղթելով հաջողությունններ ուսման եւ հետագա մասնագիտական գործունեության մեջ:
Հանդիպումը շարունակվել է վարպետության դասով, որի ընթացքում բանախոս Ս․Սարգսյանն ուսանողներին ներկայացրել է ՀԲՄ գործունեությունը եւ ՀՀ բանկային համակարգի ձեւավորման ու զարգացման պատմությունը՝ առանձնացնելով ուշագրավ վիճակագրական տվյալները։
Միջոցառումն ամփոփվել է ուսանողների եւ բանախոսի միջեւ ասուլիսով եւ խորհրդանշական նվերների հանձնման արարողությամբ․ ուսանողներն այլեւս ունեն ֆինանսական ավետարան համարվող «Բաբելոնի ամենահարուստ մարդը» գիրքը։
Նշենք, որ «Ագրոբիզնես» եւ «Ֆինանսներ» մասնագիտությունների ուսանողների համար արտալսարանային միջոցառումը կազմակերպվել էր ՀԱԱՀ Ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Ա․Տոնիկյանի նախաձեռնությամբ։