Կարդում ենք… Գիրքը, եթե սրտից չբխեց, երկար կյանք չի ունենա

Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ուսխորհրդի նախաձեռնությամբ հոկտեմբերի 19-ին հյուրընկալել էինք «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գրքի հեղինակ Արմեն Նիազյանին: Բանաստեղծությունների, մտորումների, պատմվածքների սույն` հեղինակային տպագրությամբ ժողովածուն, վերահրատարակվել է հինգ անգամ: 2017-ին ճանաչվել է ամենափնտրված գրքերից մեկը, ինչպես ասում են՝ best seller: Արմեն Նիազյանը ավարտել է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետը, սովորել է նաեւ Շվեդիայում: Ասում է. «Նպատակ չեմ ունեցել գիրք գրելու: Համացանցային գրական հարթակներում էի զետեղում փոքրիկ պատմվածքներս: Ընթերցողների արձագանքներից, քննարկումներից հետո որոշեցի տպագրել ժողովածուն»: Բայց գրքի հեղինակ դառնալու մարմաջը չէր առաջնորդում նրան, այլ ընթերցողին ավելի դյուրությամբ հասանելի լինելու ցանկությունը:

Ուսանողները նախապես իրազեկել էին քննարկման մասին, ոմանք հասցրել էին ընթերցել գիրքը: Եւ, բնականաբար շատ էին հարցեր տալիս, պատմում էին իրենց տպավորությունները:

«Ամբոխի մեջ մենակ ենք շատ»,- ասում է հեղինակը: Տեղեկատվական տեխնոլոգիաների դարում, հանկարծ զգացինք, որ կենդանի շփման, մի գավաթ սուրճի-թեյի ուղեկցությամբ հանդարտ զրույցի պակաս ունենք: Ի վերջո, կապի միջոցները մեզ չեն փոխանցում, չեն էլ կարող փոխանցել, զրուցակցի աչքերի փայլը, թրթիռը…

Նիազյանի համար գիր գրոցը եղել ու մնում է Աստվածաշունչը, որը պետք է կարդալ ու վերընթերցել, չվախենալով ընդգծումներ-նշումներ անելուց: Մանկուց սիրելի հեղինակը Թումանյանն է, այդ փաղանգում են նաեւ Անտուան դը Սենտ-Էքզյուպերին, Ռիչարդ Բախը:

Լավ էր: Լավ էր, որ ուսանողներն էին նախաձեռնել հանդիպումը: Լավ էր, որ ոմանք կարդացել էին գիրքը: Լավ էր, որ կարդացողները չէին վախենում իրենց կարծիքը արտահայտելուց:

Հ.Գ. Հանդիպումը առաջին մասնաշենքի ընթերցասրահում էր՝ գրական զրույցի համար հրաշալի միջավայրում եւ մեր հյուրն էլ դա ընդգծեց. «Ուսանողությանս տարիներին կերազեի նման միջավայրում սովորել-պարապելու հնարավորության մասին: Դուք՝ ունեք այդ առավելությունը»: