Արդյունավետ համագործակցություն լսարանում․ ճանաչել մարդկանց, գնահատել գործնական հմտությունները

Էրազմուս+ ՀԳ2 «Աջակցություն անգլերենով դասավանդման (EMI) նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումների եւ գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը եւ միջազգայնացումը բարելավելու նպատակով» SMARTI ծրագրի շրջանակում, երեկ՝ մարտի 28-ին մեկնարկեց «Անգլերենը հատուկ նպատակների համար եւ Կրեդիտների կուտակման ու փոխանցման եւրոպական՝ թյունինգ մոդուլային ուսուցման համակարգ» դասընթացների շարքը: Ծրագրին մասնակցում են հայաստանյան 5 եւ ՌԴ 4 բուհ: Աշխատանքները համակարգում է Դրեզդենի տեխնիկական համալսարանը:

Առաջին վարժանքը ներկայացրեց տ.գ.թ., պրոֆեսոր Արա Ամիրյանը: Նա տեսապատկերներով, համակարգված ներկայացրեց հնարավորությունների լայն ներկապնակը, որոնք նպաստում են հաղորդակցման ունակությունները լավարկելուն: Մատնանշեց նաեւ խոչընդոտները, լսարանի ուշադրությունը գրավելու, ավելի ճիշտ՝ դրան արժանանալու ճանապարհները: Դրանք բազում են եւ հայտնի են վաղուց՝ սկսած դասախոսի արտաքինից, հագուկապից մինչեւ հաճելի ձայն ու հագեցած-թարմացվող բովանդակային կողմ:

Այո, ամեն անգամ, վերստին եւ միշտ, պետք է կարողանանք ապացուցել, թե արժանի ենք, որ մեզ լսեն: Լսեն ուշադիր: Սիրով: Իսկ դասի ավարտից հետո մասնակիցները մտորեն այն բոլոր հարցերի շուրջ, որոնք քննարկել ենք համատեղ: