Ավարտական շքահանդես. կսպասենք լուրերի՝ նրանց հաջողությունների մասին

Շարունակվում են ավարտական շքահանդեսները: Այսօր՝ հուլիսի 21-ին, հերթը անասնաբուժական-անասնաբուծական ֆակուլտետի բակալավր եւ մագիստրոս շրջանավարտներինն էր:

– Ուրախ եմ, որ միասին աշխատել ենք հինգ տարի, շատերը կշարունակեն իրենց ուսումը, մագիստրոսների շարքերում արդեն ապագա ասպիրանտներն են,- շարունակական՝ ցկյանց կրթության կարեւորության մասին շեշտեց դեկանը՝ ա.գ.թ., դոցենտ Արեւիկ Աբովյանը,- հիշեք՝ մենք միշտ բաց ենք համագործակցության համար:

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը կարեւորեց երիտասարդների ընտրած մասնագիտությունները՝ հանրային առողջության, պարենամթերքի անվտանգության տեսակետից. «Մարտահրավերները բազմազան են՝ համավարակներ, համաճարակներ, միայն անընդհատ սովորելու դեպքում կարող եք այդ ամենը հաղթահարելու ուղիները գտնել»:

Ռեկտորը հորդորեց չվախենալ սխալվելուց՝ «Ձախողումն էլ հաջողության ճանապարհ է: Երբեք չսխալված մարդը նշանակում է ոչինչ չի արել»:

Երիտասարդներին բարի երթ մաղթեցին անասնաբուծության ամբիոնի վարիչ, գ.գ.թ., դոցենտ Տիգրան Չիթչյանը, անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության եւ հիգիենայի ամբիոնի վարիչ, ա.գ.թ., դոցենտ Սիրանուշ Ալթունյանը:

– Մեր ստացած գիտելիքներով գնում ենք հանրությանն օգնելու,- ոգեւորությամբ ասում է Արտուշը,- հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել առաջին կուրսում մեզ դասավանդած մասնագետներին: Նրանք ամեն ինչ արեցին, որ հասկանանք, կարեւորենք ու սիրենք ոլորտը, որն ընտրել ենք: