Աշխատանքային ամառ

Թեպետ ուսումնական տարին արդեն ավարտվել է, սակայն ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանողներն ակտիվ ուսումնափորձնական գործընթացի մեջ են ներգրավված․ մասնավորապես ճանաչողական այցեր են իրականացնում Լոռու մարզում գործող մի շարք ընկերություններ՝ մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Մերի Գրիգորյանի,  որակի ապահովման մասնագետ Աննա Խառատյանի եւ կարիերայի ուղղորդման պատասխանատու Լիանա Կոխլիկյանի ուղեկցությամբ:

Վանաձոր համայնքում գործող «Նուրինի» ապրանքանիշով հայտնի «Ֆամմա Ֆուդ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է  պահածոյացված մթերքի եւ կոմպոտների արտադրությամբ, ոչ միայն սիրով հյուրընկալում, այլեւ ուսանողներին  ընդգրկում է կամավորական աշխատանքի մեջ: Եւ երբ համատեղվում են օգտակարը, հաճելին, ուսանելին, արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տալիս: Ի դեպ, հայկական այս հրաշալի արտադրատեսակները սպառվում են նաեւ արտերկրում՝ ճանաչելի դարձնելով Հայաստան աշխարհի համերը:

Հաջորդ հյուրընկալ ընկերությունը Սպիտակ համայնքում տեւական  ժամանակ գործունեություն ծավալած  «Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկա»-ն  է: Մեծ հետաքրքրությամբ էին ուսանողները շրջում թռչնագոմերում, սպանդանոցում եւ մյուս բաժիններում. թռչնաբուծական տեխնոլոգիաներն ամենուր  էին, դե իսկ թռչնի  հիգիենիկ մաքրումն ու մասնատումը գերակա պահանջ էր:

Բազմաճյուղ տնտեսություն վարող  Սպիտակի «Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերություն կատարած այցն  այս արդյունավետ շղթայի եզրափակումն էր: Տոհմային անասնաբուծությամբ եւ կաթնամթերքի արտադրությամբ  զբաղվող այս  ընկերության արտադրանքը սպառվում է մեծամասամբ  Հայաստանում, եւ հայաստանաբնակ քաղաքացին շատ լավ գիտի դրա արժեքը:  Ամենայն մանրամասնությամբ էին աշխատակիցները  ուսանողներին ծանոթացնում գյուղմթերքների արտադրության նոր ստանդարտներին:

Հագեցած ու տպավորիչ ուսումնափորձնական օրերի շարքը շարունակելի է …

Աննա Խառատյան

Որակի ապահովման մասնագետ