Ռեկտորատի վերջին նիստի ավարտին ռեկտոր Վարդան Ուռուտյանը տեղեկացրեց, որ համալսարանի Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնի «Հայաստանի մշակաբույսերի կենսաբազմազանության վերականգնում եւ ապահով կրկնօրինակում Սվալբարդի սերմերի համաշխարհային պահոցում» նախագիծը շահել է Համագործակցության զարգացման նորվեգական գործակալության (Norad) հայտարարած դրամաշնորհային մրցույթը։ Պարոն Ուռուտյանը շնորհավորեց գիտական կենտրոնի տնօրեն, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անդրեաս Մելիքյանին եւ հաջողություն մաղթեց գիտական կենտրոնին այս կարեւոր առաքելության մեջ։
Պրոֆ․ Մելիքյանը տեղեկացրեց, որ նախագծի ընթացքում ՀԱԱՀ Ագրոկենսատեխնոլոգիայի ԳԿ-ի գիտնականները կրկնօրինակելու են Ազգային գենբանկում պահպանվող նմուշներից ընտրված ԲԳՌ (բույսերի գեն ռեսուրսների) 2036 նմուշներ։ Նախագծում ընդգրկված են 18 եվրոպական երկրներ։ Նախագծի գործընկերը Գերմանիայում գործող «Մշակաբույսերի բազմազանության համաշխարհային վստահություն» (TRUST) միջազգային կազմակերպությունն է։
Սվալբարդի սերմերի համաշխարհային պահոցում ապահով պահպանվում է 1.145.693 սերմերի սորտանմուշներ ամբողջ աշխարհից, ընդ որում այն ունի եւս միլիոնավոր նմուշների պահպանման հնարավորություն։ Նորվեգիայի արկտիկական Սվալբարդի կղզեխմբում գտնվող պահոցի նպատակն է պահպանել գենբանկի համաշխարհային հավաքածուները՝ մարդկության ապագա սննդապահովության նպատակով։