Ագրոնոմները տոնում են Արամ Խաչատրյանի 120-ամյակը

Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը նշվում է ամբողջ աշխարհում․ այս ամիսներին աշխարհի ամենահեղինակավոր բեմերում հնչում են մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունները։ Մեծանուն հայի հանդեպ հարգանքի յուրօրինակ տուրք էր նաեւ ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական ֆակուլտետի մի խումբ ուսանողների, դասախոսների եւ դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի մասնակցությամբ համալսարանի Աղավնաձորի «Զարթոնք» հանգստյան տանը կազմակերպված միջոցառումը։ Կազմակերպիչը ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Մարիա Կրտիկաշյանն էր։

«Արամ Խաչատրյան 120» խորագրով սեմինար-քննարկմանը մեծ հաճույքով մասնակցեցին բոլորը։ Ներկայացվեցին մեծանուն կոմպոզիտորի կյանքը, երաժշտական կարիերան, թողած անգնահատելի ժառանգությունը, անդրադարձան լավագույն ստեղծագործություններին՝ «Գայանե»-ին, «Սպարտակը»-ին, «Դիմակահանդեսը»-ին…

«Նպատակը ուսանողներին հայազգի մեծ կոմպոզիտորի գործին ու թողած մշակութային հսկայական ժառանգությանը հաղորդակից դարձնելն էր, մշակութային բարձրագույն արժեքներին մոտեցնելը, որը պակաս կարեւոր չէ մեզ համար, քան մասնագիտական պատրաստվածությունը», – ասում է Մարիան եւ հավելում, որ բուռն ու հագեցած քննարկումներն ավելի արդյունավետ չէին կարող լինել, քան «Զարթոնքի» հրաշալի միջավայրում՝ դրանք զուգակցելով ակտիվ հանգստով ու ընկերական հարաբերությունների խորացմամբ։

Ապագա ագրոնոմները համոզված են, որ մշակութային գեղեցիկ շաբաթավերջը երկար կմնա իրենց սրտում եւ հիշողության մեջ։