Ագրոճարտարագետների հանդիպումը Հենրիկ Քոչինյանի հետ

Ագրարային ճարտարագիտության դեկանատի եւ Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ վերջերս ֆակուլտետի ուսանողների եւ դասախոսների հյուրն էր ՀՀ տրանսպորտի նախկին նախարար (1990-98 թթ․), Լոռու նախկին մարզպետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, բազմաթիվ գիտական հոդվածների, ձեռնարկների եւ դասագրքերի հեղինակ Հենրիկ Քոչինյանը։

Շատ հետաքրքիր հանդիպման ժամանակ պարոն Քոչինյանը պատմեց իր՝ լոռեցի պատանու երազանքների, որպես մասնագետի եւ քաղաքացու կայացման հետաքրքիր ճանապարհի, խորհրդային վերջին եւ անկախության առաջին տարիներին, մասնավորապես տրանսպորտային համակարգի եւ գյուղատնտեսության ոլորտի առջեւ ծառացած մարտահրավերների, հարազատ մարզի եւ առհասարակ երկրի տնտեսության կայացման մասին։ Այս ամենում անուրանալի է նրա՝ հմուտ մասնագետի եւ ղեկավարի դերակատարությունը թե պատերազմական եւ թե հետագա տարիներին։

Հենրիկ Քոչինյանը, որն, ի դեպ, ասպիրանտական կրթությունը ստացել է Ագրարային համալսարանում, երիտասարդների հետ անմիջական զրույցում շեշտեց, որ գիտության ճանապարհը երբեք հարթ ու «ասֆալտապատ» չի լինում, բայց պետք է գնալ այդ ճանապարհով, քանզի գիտությունն ու նոր տեխնոլոգիաներն են Հայաստանի տնտեսության, այդ թվում, եւ առավելեւս, գյուղատնտեսության ապագան։ Պրոֆեսոր Քոչինյանի ուղերձներից մեկն էլ Իրանի հետ տնտեսական հարաբերությունների էլ ավելի սերտացումն է։ Նա ապագա ագրարային ճարտարագետներին խորհուրդ տվեց առավելագույնս օգտվել իրենց ընձեռված կրթական հնարավորություններից, ՀԱԱՀ-ում ստեղծված նոր պայմաններից։ Հորդորեց լեզուներ սովորել, հատկապես՝ անգլերեն, որն անհրաժեշտություն է՝ անկախ մասնագիտությունից։ Եվ անշուշտ՝ կարդալ: