Վանաձորի մասնաճյուղի միջազգայնացման խթանումը ՀԱԱՀ-ի գերակայություններից է

Եվրամիության ֆինանսավորմամբ  եվրոպական բուհերում սովորելու, կարողությունների բարելավումն ու  հմտությունների  զարգացումը խթանող  ծրագրերի  անմիջական մասնակիցը  դառնալու  եւ վերապատրաստվելու հնարավորությունների ներկայացմամբ Վանաձորի մասնաճյուղում էր ՀԱԱՀ Միջազգային  կապերի դեպարտամենտի պետ  Գարեգին Համբարձումյանը: Որպես TOPAS ծրագրի տեղային համակարգող, պարոն Համբարձումյանը ներկայացրեց ծրագրի հիմնական գործողություններն ու ձեռքբերումները, այն  արդյունքները, որոնք կարող են օգտագործել Վանաձորի մասնաճյուղի ուսանողներն ու աշխատակիցները: Շուրջ 34 մասնակից, որոնց թվում էին  ուսանողներ, վարչական աշխատակազմի, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ մասնաճյուղի հարկի ներքո գործող Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի աշխատակիցներ, բավականին ակտիվորեն ներգրավվեցին՝ հնչեցնելով զանազան հարցեր:

Լիահույս ենք, որ եվրոպական գործընկեր համալսարաններում վերապատրաստվելու եւ հետագայում իրենց ընկերներին վերապատրաստելու հնարավորությունից կօգտվեն մասնաճյուղի դասախոսները, իսկ ուսանողների ներգրավվածությունը խթանելը կարեւորագույն առաջնահերթություններից  է:

Հանդիպման վերջում Գարեգին Համբարձումյանը ծանոթացավ   համալսարանի համակարգում գործող նոր ենթակառույցներից մեկի՝ Լոռու մարզի գիտելիքի նորարարական հաբի ընձեռած բազմաբնույթ հնարավորություններին ու գործունեության մեխանիզմներին:

Աննա Խառատյան
Վանաձորի մասնաճյուղի մեթոդիստ, դասախոս