Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի ավանդական Վերջին զանգի արարողությունը հայտնի պատճառներով չկայացավ։ Արտակարգ իրավիճակն, անշուշտ, իր ուղղումներն է մտցնում մեր գործունեության մեջ, ներառյալ՝ ավանդական դարձած ու երկար սպասված միջոցառումների անցկացման գործում։ Սակայն անսովոր պայմանները դույզն ինչ չեն նսեմացնում վարժարանի՝ սովորական դարձած հաջողություններն ու նվաճումները, որոնք այս տարի աշակերտության եւ մանկավարժական հանրույթի հետ նշում ենք առանց զանգվածային միջոցառման։
Իր գոյության 23 տարիների ընթացքում ՀԱԱՀ-ի վարժարանի հազարավոր շրջանավարտներ համալրել են համալսարանի տարբեր ֆակուտետների ուսանողական համակազմը՝ բարձր պահելով վարժարանի եւ Ագրարայինի հեղինակությունը։ Համալսարանում իրականացվող որակական վերակառուցումները ներդաշնակորեն իրենց ընթացքի ու խորքի մեջ են առել նաեւ վարժարանը։ Կրթական բարեփոխումները դարձել են նաև վարժարանի այսօրվա առօրյան՝ աշակերտակենտրոն գործելակերպերով և վաղվա օրն ավելի գրավիչ դարձնելու հեռանկարով: Վարժարանում բացվել է համակարգչային լսարան, իսկ շուտով վարժարանցիները կունենան քիմիայի, ֆիզիկայի և կենսաբանության նոր լաբորատորիաներ:
Վարժարանի 2020թ․-ի սիրելի շրջանավարտներ, ձեր հարազատ կրթօջախն ավարտելու կապակցությամբ, անշուշտ, շատ կուզենայի բարեմաղթանքիս խոսքը հղել անձամբ՝ գեղեցիկ ավանդական արարողության պայմաններում։ Բայց բոլոր դեպքերում վստահ եղեք, որ մենք սիրում ու բարձր ենք գնահատում ձեզ, ձեր նվիրյալ ուսուցիչներին, ձեր բոլորի կատարած աշխատանքը։ Սրտանց շնորհավորում եմ շրջանավարտներին ու մանկավարժներին եւ արձանագրում Ագրարային համալսարանի օրգանական մաս կազմող վարժարանի հաջողության կարեւոր տարեշրջան։
Լիահույս եմ, որ մեր շրջանավարտների մեծամասնությունը իր հետագա կրթության ու կարիերայի հարցում ընտրություն կատարելիս Ագրարայինի այլընտրանքը չի ունենա։ Միասին մենք երկար ու ստեղծագործ ճանապարհ ենք սկսել: Սիրելի շրջանավարտներ, ճիշտ մասնագիտական ընտրություն եւ հաջողություններ եմ ցանկանում բոլորիդ։