Ոսկեհատում կհիմնվի նորարարական փորձացուցադրական այգի

Դեկտեմբերի 18-ին գործակցության համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Տիերաս դե Արմենիա ընկերության միջեւ, ըստ որի Ոսկեհատ համայնքում կհիմնվի նորարարական փորձացուցադրական այգի։ Հուշագիրը ստորագրել են ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Տիերաս դե Արմենիայի գյուղատնտես Գաբրիել Մեղրունին։

Հայաստանում Արգենտինայի դեսպանության աջակցությամբ և Հայկական բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացվելիք նախագիծը կմեկնարկի գարնանը։ Նորարարական այգու համար Ագրարային համալսարանը Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսությունում տրամադրվում է 2 հեկտար հողատարածք, որտեղ աշխատելու ենք Արգենտինայի գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի հետ՝ կիրառելով վերջինիս փորձն ու արդիական տեխնոլոգիաները։

Այստեղ ֆերմերները հնարավորություն կունենան ծանոթանալու նորարարական տեխնոլոգիաների արդյունավետությանը, ինչպես նաեւ կստանան գործնական խորհրդատվություն։ Աշխատանքներում ակտիվորեն կներգրավվեն նաեւ Ագրարայինի ուսանողներն ու դասախոսները։  

Նախագիծը նորարարական ագրարային գիտելիքների ու փորձի տարածման եւս մեկ լավ հնարավորություն է, որ ստեղծում է Ագրարային համալսարանն՝ իր գործընկերների աջակցությամբ։