Իռա Փանոսյան՝ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման եւ կոոպերացիայի զարգացման վարչության պետի պաշտոնակատար, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ: Դժվար է պատկերացնել, թե այս նուրբ, կանացի էակն ինչ կամային հատկություններով, մասնագիտական ինչ բարձր որակներով է օժտված:
Անկեղծանում է՝ Ագրարային ընդունվել է վերջին հայտով՝ շարունակելով երազել Տնտեսագիտական համալսարանի մասին: «Խոստովանեմ՝ շատ ծանր տարա, համոզված էի, որ առաջին կուրսից հետո կտեղափոխվեմ: Բայց հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին արդեն այնքան էի մտերմացել կուրսընկերներիս հետ, այնքան հետաքրքիր էին դասախոսները մատուցում նյութերը, միջավայրն այնքան հարազատ էր դարձել, որ տեղափոխման մասին իսպառ մոռացա»:
Հատկապես սիրում էր մասնագիտական առարկաները: Ագրարային քաղաքականություն առարկայի դասերի ժամանակ շատ սուր, արդյունավետ հետաքրքիր քննարկումներ էին կազմակերպում: Այսօր այդ հրաշալի փորձառությունը նրան օգնում է աշխատանքի ընթացքում:
«Ի֠նչ խորհուրդ կտաս քեզնից հետո եկողներին» հարցին պատասխանում է․ «Գյուղատնտեսությունը պարենային ինքնաբավության ապահովման ռազմավարական ոլորտ է եւ լավ կադրերի կարիք միշտ կա եւ կլինի: Միայն պետք է լավ սովորել մասնագիտական առարկաները՝ ագրարային քաղաքականություն, տվյալագիտություն: Մի կարեւոր հանգամանք եւս՝ պետք է փայլուն սովորել անգլերեն: Այս ամենն հաջողությամբ իրագործելուց հետո աշխատաշուկայում հաջողակ ու փնտրված կլինեք՝ համոզված եղեք»,- ասում է Իռա Փանոսյանը: