ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում գործող Լոռու մարզի Գիտելիքի նորարարական հաբի համակարգող Տաթեւիկ Հովսեփյանը հաղորդում է, որ հունիսի 17-ին հաբում կայացել է հերթական հետաքրքիր միջոցառումը՝ հյուրընկալել են China-Armenia Bridge կազմակերպության հիմնադիր Նոնա Գրիգորյանին, ինչպես նաեւ արդեն փորձառու շահառուների եւ հետաքրքրված երիտասարդների՝ լսելու հաջողության պատմություններ, ստանալու բազմաթիվ կարեւոր հարցերի պատասխաններ:
Հանդիպումը մեկնարկել է Տաթեւիկ Հովսեփյանի ողջույնի խոսքով. նա ներկայացրել է հանգույցի գործունեության նպատակներն ու առանձնահատկությունները:
Հանդիպումը հագեցած էր լավագույն փորձի փոխանակմամբ, պահանջված ու արդիական գիտելիք ստանալու իրագործմանն ուղղված քայլերի պլանավորմամբ ու հետագայում դրանք իրագործելու պատրաստակամությամբ:
Լոռու մարզի գիտելիքի նորարարական հաբը մեր համալսարանի համակարգում գործող նոր, հետաքրքիր, կայացող, եթե չասենք՝ արդեն կայացած ենթակառույցներից մեկն է: Ուրախալի է, որ այն իր նորարարական բնույթով եւ աշխատանքի առաջադիմական սկզբունքներով ձգողական ուժ ունի ոչ միայն մասնաճյուղի, այլեւ ամբողջ մարզի երիտասարդության համար: Այստեղ լոռեցի երիտասարդները գտնում են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, որոնք վերաբերում են կրթությանը, կարիերային, բիզնես վարելու հմտություններին, գյուղատնտեսությանը եւ բազմաթիվ այլ ոլորտների: