Հունիսի 30-ը Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի եւ մագիստրատուրայի ավարտական արարողության օրն էր, որին մասնակացելու համար հրավիրված էին ԿԳՄՍ եւ էկոնոմիկայի նախարարների տեղակալները, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան ներկայացուցչության պատվիրակությունը, ծնողներ, դասախոսներ: Միջոցառումը, որը տեղի ունեցավ ԱՈՒԿ-ի «Երազանքների սրահում», մեկնարկեց լռության րոպեով, որով ներկաները հարգեցին Արցախյան երկրորդ պատերազմում զոհված ԱՈՒԿ-ի երեք շրջանավարտների, համալսարանի 33 ուսանողների անմահ հիշատակը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունեց շրջանավարտներին, բարձր գնահատեց ԱՈՒԿ-ի՝ որպես մեր երկրի կրթական համակարգում առանձնահատուկ դերակատարութուն ունեցող հաստատության դերը, շնորհակալություն հայտնեց ՀԱԱՀ-ի ամերիկյան գործընկերներին՝ ԱՄՆ ՄԶԳ-ին եւ Տեխասի A&M համալսարանին ավելի քան քսանամյա բեղմնավոր գործակցության համար եւ բարի երթ մաղթեց բակալավրիատի ու մագիստրատուրայի շրջանավարտներին:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ջերմորեն ողջունեց ու շնորհավորեց շրջանավարտներին՝ նախեւառաջ որպես ԱՈՒԿ-ի շրջանավարտ: Գնահատելով նրանց ստացած առաջնակարգ կրթությունը, պարոն Խոջոյանը կոչ արեց կանգ չառնել ձեռք բերածով ու շարունակաբար ներդրում անել սեփական կրթության մեջ, որը նրանց կյանքում կապահովի «թերեւս ամենացածր ռիսկային եւ ամենակայուն շահաբաժինները ֆինանսական շուկայում»: Նախարարի տեղակալը վստահ է, որ մեր շրջանավարտները համալրելու են երիտասարդ մասնագետների այն փաղանգը, որ փոխում է աշխարհը:
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը ողջունեց եւ շնորհավորեց շրջանավարտներին, ծնողներին, դասախոսներին, ԱՈՒԿ-ի հաջողությունը ՀԱԱՀ-ի հետ համատեղ կերտած միջազգային կառույցների ներկայացուցիչներին: Մասնավորապես, ԱՄՆ ՄԶԳ-ի օժանդակությունը առհասարակ Հայաստանի գյուղատնտեսության, կրթության եւ հարակից ոլորտներում անվանելով պատմական, պարոն Ուռուտյանը ՀԱԱՀ ուսանողության եւ դասախոսական անձնակազմի անունից ջերմորեն ողջունեց ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության նորանշանակ տնօրեն Ջոն Ալելոյին եւ արտահայտեց ՄԶԳ-ի հետ արգասաբեր համագործակցության՝ համալսարանի կամքը:
Խոսելով անցած ուսումնական տարվա աննախադեպ մարտահրավերների մասին, ռեկտոր Ուռուտյանը նշեց, որ համալսարանը պատվով է դուրս եկել փորձությունների շղթայից՝ շարունակելով «մնալ հայաստանյան բարձրագույն կրթության բարեփոխումների առաջնագծում եւ դեպի իրեն ձգել աննախադեպ թվով նոր գործընկերների, որոնք ուզում են մեզ հետ միասին գլուխ բերել կրթության եւ գյուղատնտեսության տեխնոլոգիական թռիչքը»: Համալսարանի մյուս ստորաբաժանումներում առկա այսօրվա որակական մեծ առաջընթացի պայմաններում ԱՈՒԿ-ը շարունակում է մնալ համալսարանի դրոշակակիրը եւ օրինակ ծառայել հայաստանյան բարձրագույն կրթության ամբողջ համակարգի համար: Ռեկտորը վստահ է, որ ԱՈՒԿ-ի այս տարվա շրջանավարտները համալրելու են մեր երկրի առաջընթացի շարժիչ ուժը հանդիսացող երիտասարդ մասնագետների բանակը:
Շրջանավարտներին եւ ծնողներին ջերմորեն ողջունեցին ու շնորհավորեցին նաեւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Ջոն Ալելոն, ԱՈՒԿ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Արմեն Ասատրյանը, ICARE հիմնադրամի եւ ԱՈՒԿ-ի տնօրեն Արթուր Գրիգորյանը, բակալավրիատի ավարտական կուրսից Ալբերտ Աղաբաբյանը եւ մագիստրոսական ծրագրի ավարտական կուրսից Աննա Մարտիրոսյանը: Հաճելիորեն զարմանալի էր, թե նոր-նոր Հայաստան ժամանած պարոն Ալելոն որքան քաջատեղյակ էր ԱՄՆ ՄԶԳ – Ագրարային համալսարան գործակցության եւ ԱՈՒԿ-ի շրջանավարտների՝ Հայաստանի գյուղատնտեսության ու հարակից ոլորտներում ունեցած կարեւոր դերի մասին:
ՀԱԱՀ դիպլոմների ու Տեխասի A&M համալսարանի ավարտական հավաստագրերի հանձնումից հետո ծայր առավ սրտառուչ զրույց շրջանավարտների, դասախոսների, ծնողների, պաշտոնյաների միջեւ՝ մի գավաթ հրաշալի Ի-Վի-Էն գինով, որ արտադրում է մեր գործընկեր ICARE հիմնադրամը: