Այգեպտղաբուծության ոլորտի զարգացման ծրագիր Հայաստանում (ՖՐՈՒՏԵՆԻԱ) նախագծի շրջանակում 2022 թ․ գործարկվել է www.aygi.am կայքը։ Իր բնույթով եւ թեմաների ընդգրկմամբ ու արդիականությամբ եզակի այս կայքը բովանդակում է գործնական մասնագիտական գիտելիքներ ոչ միայն շահառուների թիրախային երկու խմբերի՝ պտղաբույծ ֆերմերների ու Ագրարային համալսարանի ուսանողների, այլեւ այգեսերների լայն հանրության համար։
Կայքն ունի «Տեսանյութեր» «Հրապարակումներ եւ խորհրդատվություն», «Վերապատրաստումներ», «Ծրագրեր» եւ «Ծառայություններ» բաժինները։ Մասնավորապես «Հրապարակումներ եւ խորհրդատվություն» բաժնում զետեղված են այգու հիմնման եւ կառավարման, բերքահավաքի, պարարտացման, օրգանական գյուղատնտեսության, ոռոգման, վնասատուների, հիվանդությունների եւ մոլախոտերի դեմ պայքարի, էտի, կլիմայադիմակայուն խելամիտ գյուղատնտեսության եւ այլ ենթաոլորտների վերաբերյալ տեսական ու գործնական տեղեկատվություն եւ արդիական գործելակերպեր։ Տեսանյութերում ներկայացվում են տարբեր պտղատեսակների ծառերի էտի, տարածված հիմնական հիանդությունների եւ վնասատուների դեմ պայքարի միջոցառումները, ավանդական եւ ինտենսիվ այգիների էտի ու կառավարման առանձնահատկությունները եւ այլն։
www.aygi.am կայքի նյութերի, հրապարակված մի շարք մասնագիտական ձեռնարկների ու ուղեցույցների պատրաստման եւ առհասարակ ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի շրջանակում իրականացվող այլ, այդ թվում վերապատրաստման աշխատանքները մեծապես կատարվել եւ կատարվում են ՀԱԱՀ Ագրոնոմիական ֆակուլտետի մասնագետների ուժերով։
Aygi.am-ը, չնայած կարճ կենսագրությանը, հասցրել է դառնալ ֆերմերի, ուսանողի, այգեսերի լավ բարեկամն ու խորհրդատուն։
Հիշեցնենք, որ ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագիծն իրականացնում են Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամը եւ ՀԱԱՀ-ը, Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) ֆինանսական աջակցությամբ եւ ՀԱԱՀ-ի համաֆինանսավորմամբ: Նախագիծը մեկնարկել է 2019 թ․ դեկտեմբերին եւ կավարտվի 2023 թ․։ Նախագծի շրջանակում թարմացվել են ՀԱԱՀ Ագրոնոմիական ֆակուլտետի կրթական ծրագրերը՝ ներդնելով նոր առարկաներ եւ արդիականացնելով առարկայական ծրագրերը։ ՀԱԱՀ Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսության տարածքում ուսումնացուցադրական նպատակով 1,5 հեկտարի վրա հիմնվել է ինտենսիվ պտղատու այգի, որն ակտիվորեն օգտագործվում է թե ուսանողների եւ թե պտղատու այգիների եւ տնկարանների հիմնման եւ կառավարման, հավաստագրողների եւ փորձորոշողների կարճաժամկետ դասընթացների մասնակիցների գործնական ուսուցման նպատակներով։