Փետրվարի 6, 7-8-րդ ժամեր, առանց հոգնության նշանների, գրեթե խանդավառված՝ ՏՏ համակարգչային կենտրոնի լսարան մտան ագրոբիզնես եւ տնտեսագիտություն կրթական ծրագրերի առկա համակարգի երկրորդ կուրսեցիներն ու էկոնոմետրիկայի դասախոս (տվյալագիտության ամբիոն), տ.գ.թ. Գեւորգ Քեշիշյանը: Նա հանգամանորեն ներկայացրեց առարկան, որը համատեղ ուժերով պետք է ուսումնասիրեն մեկ կիսամյակի ընթացքում: Չորս թեմայի համար դասախոսը հեղինակել-պատրաստել էր անհատական աշխատանքային տետրեր, որոնք բաժանեց եւ ներկայացրեց ինքնուրույն աշխատանքի կատարման պայմաններն ու սկզբունքները: Ընդ սմին, երիտասարդների համար իբրեւ օժանդակություն-ուղենիշ է ծառայելու պրոֆեսոր Գոհար Վարդանյանի եւ Քեշիշյանի կազմած մեթոդական ձեռնարկը:
Դասընթացի նման մեկնարկը վկայությունն է մեկ բանի, որ դասախոսը կարեւորում է ինքնուրույն աշխատանքը ըստ պատշաճի կատարելու հանգամանքը, բացատրում է, եւ ուսանողներն էլ, բնականաբար, այդ փաստարկված պահանջի բարեխիղճ իրականացնողներն են դառնում: ՈԳԱ կենտրոնի դեկտեմբերյան աուդիտի շնորհիվ (35 առարկայից) ակնհայտորեն լավագույնս զատվել են այն դասախոսները, որոնց առարկաներից օրինակելի աշխատանքներն են կատարել բոլոր ուսանողները: Եւ բնավ զարմանալի չէ, որ լավ արդյունքների հասած եռյակից մեկը հենց Գեւորգ Քեշիշյանն է: Նույն ամբիոնի դոցենտ Մանուշակ Գրիգորյանի եւ ֆինանսահաշվային ամբիոնի ասիստենտ Թամարա Ավետյանի լսարանային աշխատանքին կանդրադառնանք շուտով:
Շատ երկար ենք քննարկել- որոնել ուղիներ, որոնք կօգնեն, որ ուսանողը լավ հասկանա ինքնուրույն աշխատանքի կարեւորությունն ու խուսափի պատճենումներից, գրագողությունից, ցածրակարգ – կասկածելի կենտրոնների «ձեռքբերումներից»: ՈԳԱ կենտրոնի՝ դիտարկումների ամփոփումը շատ հստակ տալիս է ընդհանուր պատկերն ու այն չափորոշիչները, որոնցով առաջնորդվել են. օրինակ՝ առանցքային ցուցանիշ է ինքնուրույն աշխատանքի կառուցվածքը եւ գնահատման սկզբունքը: Սխալները ուսանողների հետ համատեղ վերհանելու եւ ուղղումները բացատրելու-շտկելու գործընթացը տեսանելի է աշխատանքի էջերում: