Այսօր երկրորդ մասնաշենքի Կանաչ սրահում ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի «Գինեգործություն, խաղողագործություն եւ էնոլոգիա» եւ «Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն» դուալ կրթական ծրագրերի 2-րդ և 3-րդ կուրսերի՝ գինեգործական մի քանի ընկերություններում փորձուսման մասնակցած ուսանողների հավաքույթի նպատակն անսովոր էր․ քոլեջի տնօրենի՝ աշխատանքի վրա հիմնված/դուալ կրթական ծրագրերի համակարգման եւ մասնավոր հատվածի հետ համագործակցության գծով տեղակալ Լիլիթ Սարոյանն առաջին անգամ կազմակերպել էր աշխատանքի վրա հիմնված ուսուցման հաշվետու միջոցառում։
Մասնակցում էին քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանը, Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Նունե Սիմոնյանը, ամբիոնի դասախոսներ։ Տիկին Սարոյանը շնորհակալություն հայտնեց ուսանողներին դուալ ծրագրին ակտիվ ու շահագրգիռ մասնակցության, նաեւ գործատուներին՝ ըստ ամենայնի աջակցության համար։ Պարոն Վարդանյանն էլ շնորհակալություն հայտնեց ուսանողներին եւ իր գործի նվիրյալ Լիլիթ Սարոյանին՝ այսպիսի հետաքրքիր ձեւաչափով հանդիպում նախաձեռնելու համար։
Երրորդ կուրսեցիները արդյունավետ ու նպատակային դուալ ծրագիրն իրականացրել են սեպտեմբերի սկզբից մինչեւ հոկտեմբերի վերջ, իսկ 2-րդ կուրսեցիները՝ մեկ շաբաթ, բայց ոչ պակաս արդյունավետ։ Քոլեջի սաների անկաշկանդ, բովանդակալից, հակիրճ, բայց իմացական-մասնագիտական շերտեր բավանդակող ներկայացումներից այնպիսի տպավորություն էր, որ պատանիները, թերեւս առաջին անգամ, առարկայորեն զգացել ու վայելել են ընտրած մասնագիտության «նախահամը»։ Այցելել եւ մեծ հաճույքով աշխատել են տարբեր ընկերություններում, ամենուրեք զգացել գործընկեր գինեգործարանների ղեկավարների, պատասխանատու մասնագետների եւ աշխատակիցների հոգատարությունը, «մերվել» աշխատանքային թիմերի հետ, ծանոթացել մասնագիտական բազմազան հմտությունների ու նրբությունների, կապեր հաստատել։ Չխորշեցին նաեւ նշել ընկերություններ հասնելու դժվարություններն ու ընկերություններից մեկում դուալ փորձուսումը պատշաճ լրջությամբ չընկալելու փաստը։
Ընդհանուր առմամբ, առաջին շրջափուլով 71 ուսանող է անցել դուալ ծրագիրը։ Լիլիթ Սարոյանը կատարած աշխատանքի համար շորհակալություն հայտնեց ուսանողներին, նշեց, որ իր գլխավոր նպատակը ուսանողների՝ թիմային աշխատանքի փորձ ձեռք բերելն էր, որն ամբողջովին հաջողվել է։ Ընդ որում ուսանողներից ոմանք ընկերություններում աշկերտության պայմանագրով են աշխատել։
Ուսանողներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին քոլեջի ղեկավարությանը, դուալ համակարգին եւ մանավանդ տիկին Սարոյանին՝ գիտելիքներ, մասնագիտական ու մարդկային փորձ եւ ընկերներ ձեռք բերելու՝ ընձեռված հնարավորության համար։
Ամփոփելով հանդիպումը, պարոն Վարդանյանը հավաստիացրեց, որ հաջորդ նման հաշվետու միջոցառմանը կհրավիրվեն նաեւ գործատու ընկերությունների պատասխանատուները, եւ հանդիպման արդյունքներն ավելի առարկայական ու շոշափելի կլինեն։ Լիլիթ Սարոյանն առաջին փորձը հաջողված է համարում, եւ դա ակնհայտ էր ուսանողների հաշվետվություններից, նրանց խիստ օգտակար փորձառությունից եւ ոգեւորությունից։ Ակնհայտ է նաեւ, որ կայանում է քոլեջ-գործատու-ծնող շղթան, որ տիկին Սարոյանն անվանում է «դուալ եռանկյուն»։





















