ԱՄՎՏ ամբիոնի փորձացուցադրական լաբորատորիաներում սովորական-անսովոր եռուզեռ է․ քոլեջականների արտադրանքը բարձր գնահատվեց

Հոկտեմբերի 20-24-ը «Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների» ամբիոնում տիրող աշխատանքային մթնոլորտը սովորականի նման աշխույժ էր, մի առանձնահատկությամբ՝ այս անգամ այն ստեղծել էին ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողները, նախ՝ հոկտեմբերի 20-22-ին, «Կաթի եւ կաթնամթերքի տեխնոլոգիա», որից հետո՝ ամսի 23-24-ին՝ «Մսի եւ մսամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության 4-րդ կուրսերի ուսանողները եւ դասախոսները։ Լայնածավալ արտադրական-գործնական աշխատանքներն ընթանում էին ամբիոնի սննդամթերքի վերամշակման փորձացուցադրական լաբորատորիաներում։

«Պանրի արտադրության կազմակերպում», «Երկրորդային հումքի արտադրության կազմակերպում» մոդուլների շրջանակներում ուսանողները պատրաստեցին տարբեր տեսակի կաթնամթերքներ՝ «Չանախ», հորած եւ կաթնաթթվային պանիրներ, ալբումինային մածուկ, շիճկասեր։ «Մսամթերքի ջերմամշակման կազմակերպում», «Մսամթերքի հովացման եւ չորացման գործընթացի կազմակերպում» եւ «Մսային կիսապատրաստուկների արտադրության կազմակերպում» մոդուլներն ուսումնասիրող ուսանողներն էլ պատրաստեցին տարբեր տեսակի մսամթերք՝ մսահաց, խինկալի, պելմենի եւ կուպատի։

Գործնական աշխատանքի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան իրենց տեսական գիտելիքները կիրառելու արտադրության ամբողջ տեխնոլոգիական շղթայում՝ հումքի ընդունումից մինչեւ պատրաստի արտադրանքի ստացում։ Հնարավորության սահմաններում իրականացրեցին նաեւ հումքի եւ արտադրանքի որակի հսկողություն, հետեւեցին սանիտարահիգիենիկ պահանջների պահպանմանը եւ ծանոթացան արտադրական գործընթացների կազմակերպման առանձնահատկություններին։

Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, տեխ․ գիտ․ թեկնածու, դոցենտ Մարինա Կարախանյանը եւ դասախոսներն ակնհայտորեն գոհ էին գործնական աշխատանքների արդյունավությունից, երիտասարդների ձեռքով ստեղծված արտադրատեսակների որակից եւ, ինչպես ցույց տվեց ծրագրի եզրափակիչ օրը կազմակերպված համտեսը՝ նաեւ համից։ Ըստ էության, ամբիոնի դասախոսական ամբողջ կազմը միահամուռ դրական կարծիք արտահայտեցին ուսանողների ակտիվ ներգրավվածության, նրանց պատրաստած մթերքների համային հատկանիշների եւ տեխնոլոգիական մշակման որակի վերաբերյալ։

«Այս չորս օրվա ընթացքում ուսանողների ծավալած գործունեությունը մեծապես նպաստեց նրանց մասնագիտական հմտությունների ամրապնդմանը, տեխնոլոգիական գործընթացների խորացված յուրացմանը եւ, որ կարեւոր է՝ արտադրական մտածողության ձեւավորմանը», – ասաց տիկին Կարախանյանը։

Ներկայացված մսամթերքի ու կաթնամթերքի բարձր գնահատականը ինքնին հաստատեց ուսանողների մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակը։ Համտեսի եւ առհասարակ ամբիոնի եւ քոլեջի գործակցության շրջանակում նախաձեռնած հերթական միջոցառման արդյունքները բարձրացրին ուսանողների շահադրդվածությունը՝ շարունակելու ուսումը բակալավրիատի փուլում եւ խորացնելու իրենց գիտելիքներն ու հմտությունները ընտրած մասնագիտության շրջանակում։