Ագրարային համալսարանը միանում է Արցախի մեր հայրենակիցների աջակցության կամավորական աշխատանքներին

Հարգելի գործընկերներ, հաշվի առնելով Արցախի հումանիտար ճգնաժամը եւ սեպտեմբերի 19-ից ստեղծված իրադրությունը, ըստ էության՝ Հայաստանի Հանրապետության դեմ հայտարարված հիբրիդային պատերազմի իրողությունները, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները պատրաստակամություն են հայտնում միանալ Արցախի մեր հայրենակիցներին անհրաժեշտ սոցիալական աջակցություն տրամադրելու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերին։
Ըստ անհրաժեշտության հնարավոր աջակցության տրամադրման համար ՀԱԱՀ ուսանողները եւ աշխատակիցները կարող են ընդգրկվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ձեւավորած կամավորների շտեմարաններում։ Կամավորական հնարավոր աշխատանքներին ներգրավվելու համար ուսանողները պետք է գրանցվեն Ուսխորհրդում (հեռ.՝ 033 31 07 57 եւ 098 75 55 59), իսկ պրոֆեսորադասախոսական կազմը եւ աշխատակիցները՝ Աշխատակազմում (հեռ․՝ 095 52 62 34)։
ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղն արդեն աջակցում է ծավալված կամավորական աշխատանքներին Սիսիանում, որտեղ ակնկալվում է ընդունել հարյուրավոր տեղահանվածների։ Մասնաճյուղի ուսանողներն ու դասախոսները պատրաստ են օգնություն ցուցաբերել նաեւ Գորիսում իրականացվող աշխատանքներին։
Մեր պետության դեմ թշնամին կազմակերպել է նաեւ ապատեղեկատվության մեծածավալ արշավ, որի պայմաններում խիստ կարեւոր է հետեւել, օգտվել ու տարածել միայն պաշտոնական եւ ստուգված տեղեկատվություն։
Խաղաղություն բոլորիս։