Դիպլոմային աշխատանքների պաշտպանությունները շարունակվում են հեռակա ուսուցման տարբեր խմբերում

Հեռակա ուսուցման բակալավրիատի ավարտական կուրսի ուսանողները շարունակում են դիպլոմային աշխատանքների առցանց պաշտպանությունը։ Հունիսի 17-ին հերթը Բույսերի պաշտպանություն մասնագիտության 12 եւ Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում եւ աուդիտ մասնագիտության 17 շրջանավարտներինն էր։

Երկու բավարար, երկու գերազանց եւ ութ լավ գնահատականները լավ արդյունք է։ Քննական հանձնաժողովը, որում ընդգրկված էին նաեւ ոլորտի բազմափորձ գիտնական-խորհրդատուներ, ընդհանուր առմամբ գոհ են բույսերի ապագա պաշտպանների ցուցաբերած գիտելիքներից։ Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության Արմավիրի բաժնի գլխավոր խորհրդատու Սիմոն Ասատրյանը եւ նույն գերատեսչության Արագածոտնի բաժնի պետ Նորիկ Մկրտչյանը նշում են, որ ուսանողները բավականին լավ էին նախապատրաստված տեսականորեն եւ գործնականորեն՝ ամեն դեպքում չմոռանալով թագավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակի հարուցած դժվարությունները։

ԱՊՀ-ի հաշվի հաշվառում եւ աուդիտ մասնագիտության 17 հոգուց բաղկացած խումբը (ընդհանուր առմամբ հեռակա ուսուցմամբ այս մասնագիտության ավարտական կուրսը բաղկացած է 52 ուսանողից) փոքր-ինչ ավելի «համեստ» գտնվեց իր ցուցանիշներում։ Այստեղ էլ ընդհանուր առմամբ հանձնաժողովի անդամները դրական են համարում արդյունքները, բայց նաեւ չեն թաքցնում, որ եթե պայմանները լինեին բնականոն, ոչ ճգնաժամային, ապա ուսանողները շատ ավելի բարձր արդյունքներ կգրանցեին եւ, առանձին դեպքերում բարյացակամության սովորականից ավելի մեծ «չափաբաժին» դրսեւորելու հարկ չէր լինի։

Ապագա հաշվապահների դիպլոմային աշխատանքների պաշտպանության որակի վրա որոշակիորեն ազդել է նաեւ մեկ այլ խնդիր․ մեկ դասախոսը հարկադրված է ղեկավարել բազմաթիվ ուսանողների դիպլոմային աշխատանքներ, որը չի կարող չազդել աշխատանքի որակի եւ արդյունքի վրա։ Այս ուղղությամբ, սակայն, համալսարանում արդեն նախանշվել են լուծումներ։