ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանն այսօր՝ ապրիլի 23-ին Հայաստանի բնության ազգային թանգարանում մասնակցել են Անասնաբույժի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Համակազմակերպիչները մեր գործընկերներ Ռազմավարական զարգացման գործակալությունը եւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն էին:
Միջոցառման մասնակիցները նորովի իմաստավորեցին անասնաբույժի մասնագիտությունը՝ գնահատելով պետության, Ագրարային համալսարանի եւ մեր գործընկերների հաստատուն ու բավականին արդյունավետ քայլերը՝ մասնագիտության հեղինակության եւ ոլորտի արդյունավետության բարձրացման գործում: Այս առումով, համալսարանի Անասնաբուժական գիտակրթական գերազանցության կենտրոնը, որը ստեղծման ու կահավորման աշխատանքների փուլում է, մեծապես կծառայի ոլորտի շահակիցների սահմանած նոր նշաձողին: Մեր համալսարանում նաեւ վերապատրաստվել են այսօր սպանդանոցները սպասարկող անասնաբույժները:
Մասնագիտական տոնը լավ առիթ էր ոլորտի առաջատարների աշխատանքը գնահատելու առումով. ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը շնորհակալագրեր հանձնեց մի շարք անվանակարգերում աչքի ընկած մասնագետների: «Լավագույն անասնաբույժ-գիտնական անվանակարգում շնորհակալագիր հանձնվեց Համաճարակաբանության եւ մակաբուծաբանության ամբիոնի պրոֆեսոր, անասնաբուժական գիտությունների դոկտոր Հովհաննես Նաղաշյանին, իսկ «Լավագույն անասնաբույժ ուսանող» ճանաչվեց Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի Անասնաբուժություն մասնագիտության 5֊րդ կուրսի ուսանող Վարագ Գէօհյուլեանը: Կար եւս երեք անվանակարգ՝ Լավագույն տեսուչ-անասնաբույժ, Լավագույն կին անասնաբույժ եւ Լավագույն երիտասարդ անասնաբույժ: Պարոն Ավետիսյանը Հայաստանում անասնաբուժության զարգացման ու արդիականացման գործում նշանակալի ներդրման համար շնորհակալագիր է հանձնել Անասնաբույժների ազգային ասոցիացիայի նախագահ Արման Օհանյանին: