These articles are available only in armenian.
Ագրարայինցիների այցը «Բոնիլատ» ընկերություն
ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի «Կաթի, կաթնամթերքի, մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա» մասնագիտության տարբեր կուրսերի շուրջ 30 ուսանողներ դեկանի պաշտոնակատար Կարեն Մինասյանի, մի քանի դասախոսների և ՀԱԱՀ
կարիերայի և շարունակական կրթության բաժնի պրակտիկաների համակարգող Մարտին Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին կաթնամթերքի արտադրության «Բոնիլատ» ընկերություն:
Ընկերության շուկայի զարգացման պատասխանատու Լիլիթ Օրդուխանյանն ու արտադրության պետ Հովհաննես Հայրապետյանը, ջերմորեն ընդունելով առաջին անգամ իրենց հյուր եկած ագրարայինցիներին, նախ «Բոնիլատի» համեղ կաթնամթերք հյուրասիրեցին: Այնուհետև նրանք ներկայացրեցին ընկերության կաթնամթերքի տեսականու (կաթ, կակաո, թթվասեր, մածուն, մածնաբրդոշ, թան, կեֆիր, յոգուրտ, կաթնաշոռ) արտադրության գործընթացը՝ անդրադառնալով յուրաքանչյուր արտադրատեսակի պատրաստման և պահպանման առանձնահատկություններին:
Ընկերությունում խստիվ պահպանվում են սանիտարահիգիենիկ նորմերը․ այցելուները արտադրական գործընթացին հետևում էին էկրանների և դիտապակու միջոցով: Ագրարայինցիների հարցերը գլխավորապես առնչվում էին արտադրության մեջ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման առավելություններին: «Այցելությունը «Բոնիլատ» ընկերություն տպավորիչ էր, հետաքրքիր էր հատկապես արդիական տեխնոլոգիաներին մոտիկից ծանոթանալը և դասախոսությունների ժամանակ սովորածը իրականում տեսնելը», - նշեց «Կաթի, կաթնամթերքի, մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա» մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Սարգիս Գևորգյանը:
Ճանաչողական այս այցը կարևորվեց ոչ միայն ուսանողների տեսական գիտելիքներն ավելի առարկայական դարձնելու տեսանկյունից, այլև՝ գործընկերային հարաբերությունների հաստատմամբ։ Մասնավորապես պայմանավորվածություն ձեռք բերվեց «Բոնիլատ»-ում ՀԱԱՀ-ի ուսանողների ուսումնաարտադրական պրակտիկաներ կազմակերպելու վերաբերյալ:
|