en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
Saturday, December 29
These articles are available only in armenian.

Արտաքին կապերի դեպարտամենտը գիտե լուծումները

Գիտխորհրդի դեկտեմբերի 28-ի նիստը, որը գրեթե ամբողջությամբ նվիրված էր «ՀԱԱՀ. Միջազգային համագործակցության ներկա վիճակը և խնդիրները» թեմայով դեպարտեմենտի պետի զեկուցմանը և թեմայի շուրջ մտքերի փոխանակմանը, սկսվեց համալսարանի նորընտիր ռեկտորի հակիրճ խոսքով: Հիշեցնենք, որ

Հոգաբարձուների խորհրդի դեկտեմբերի 25-ի նիստում փակ գաղտնի քվեարկությամբ ռեկտորի պաշտոնակատար Վարդան Ուռուտյանը միաձայն ընտրվել է ՀԱԱՀ ռեկտոր: Ռեկտորի կարգավիճակով առաջին անգամ վարելով գիտխորհրդի նիստը, պարոն Ուռուտյանը նախ շնորհակալություն հայտնեց Հոգաբարձուների խորհրդին՝ վստահության համար: Այնուհետև նա հավաստիացրեց, որ որպես Ագրարայինի ռեկտոր լիովին գիտակցում է նախանշված և արդեն մեկնարկած շրջադարձային բարեփոխումների ամբողջ բեռն ու պատասխանատվությունը: «Մեր բոլորիս այս կարևոր առաքելության մեջ համալսարանի շահերը մշտապես լինելու են առաջնայինը: Մենք ամեն ջանք կգործադրենք, որ համալսարանի հեղինակությունը բարձրանա: Վստահեցնում եմ, որ միջազգային կարևոր ծրագրերը այսուհետ չեն շրջանցելու մեր համալսարանը: Համատեղ նպատակային աշխատանքի շնորհիվ մենք հաստատութենական մակարդակում հասնելու ենք միջազգայնորեն մրցունակ համալսարանին բնորոշ ուղենիշի»,- նշեց պարոն Ուռուտյանը:
Արտաքին կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը գիտխորհրդի անդամների ժամանակը չծանրաբեռնեց հաջողության պատմություններով, այլ նախընտրեց գործընկերներին ավելի շատ հաղորդակից դարձնել առաջացած խնդիրները միասնաբար հաղթահարելու վերաբերյալ իր հետաքրքրական ու սթափ պատկերացումներին: Այնուամենայնիվ, դեպարտամենտի և համալսարանի գրանցած հաջողությունների հպանցիկ թվարկումից էլ պարզ դարձավ, որ դրանք բավականին տպավորիչ են: 
Համալսարանի միջազգայնացման նպատակով վերջին յոթ տարիների ընթացքում կնքվել են 100-ից ավելի պայմանագրեր, ընդ որում եվրոպական փոխանակման Էրազմուս + ծրագրի շրջանակում իրականացվող նախագծերի թվով համալսարանը պատվավոր երկրորդ տեղում է: Ընթացքի մեջ են փոխանակման 34 նախագծեր 15 երկրների բազմաթիվ համալսարանների հետ: Միայն 2018թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին արտագնա ուսանողների թիվը եղել է 20, իսկ դասախոսներինը՝ 29-ը: 2019-ին այս երկու ցուցանիշներն էլ կաճեն: Պարոն Համբարձումյանը, սակայն, ոգևորված չէ մեկ այլ ցուցանիշից՝ ներգնա ուսանողների թվից: Բացի այդ, անբավարար է այլ երկրներից մեր համալսարան եկող ուսանողների թիվը: «Համալսարանը ուժեղ է ոչ միայն ուսանողներ գործուղելով, այլև՝ ընդունելով», - ասաց դեպարտամենտի պետը: Խնդիրներից մեկն էլ շարժունության ծրագրերին մասնակցող ուսանողների և դասախոսների մասնագիտական կազմն է. զուտ գյուղատնտեսական մասնագիտությունների գծով շարժունության մասնակիցների թիվը շատ փոքր է, մեծամասամբ տնտեսագիտական մասնագիտությունների ուսանողներն ու դասախոսներն են գնում արտերկիր:
Պարոն Համբարձումյանը մի հրատապ խնդիր էլ բարձրացրեց. դա օտար լեզվի, գլխավորապես անգլերենի չիմացության կամ վատ իմացության պատճառով շարժունության և կարողությունների զարգացման ծրագրերին մասնակցելու հնարավորությունների չօգտագործումն է: Արտաքին կապերի դեպարտամենտի պետի զեկույցից պարզ դարձավ, որ դեպարտամենտի ջանքերն ու միջազգային կապերը «իրացվելիության» շատ ավելի մեծ ներուժ կունենան, եթե մեր ուսանողներն ու դասախոսները տիրապետեն անգլերենին: Այս առումով դրականն այն է, որ համալսարանն իր Լեզվի ուսուցման կենտրոնի ուժերով սկսել է անգլերենի ինտեսնիվ դասընթացներ, որոնց այս պահին մասնակցում է 150 ունկնդիր: Կենտրոնի տնօրեն Ռուզաննա Շահինյանի արձագանքից պարզ դարձավ, որ, մասնավորապես, դասընթացների մասնակից տասնյակ դասախոսներ գործնականորեն արդեն տիրապետում են անգլերենին և կարող են մասնակցել միջազգային փոխանակման ծրագրերի:
Իր զեկույցում Համբարձումյանն անդրադարձավ դեկանատների և ամբիոնների հետ հետադարձ կապի ամրապնդման անհրաժեշտությանը, շարժունության մասնակից ուսանողների վերադարձից հետո կրեդիտների ճանաչմանն առնչվող որոշ դժվարությունների, դասախոսների փոխանակման կամ վերապատրաստման՝ զուտ անձնական զարգացման տեսակետից արդյունավետությունից բացի, նաև ձեռք բերած փորձի հիման վրա հաստատութենական ներդրում անելու անհրաժեշտությանը (ի դեպ, Էրազմուսի պարագայում դա պարտադիր պայման է), փոխանակման ծրագրերի շրջանակում հյուրերի կեցության ոչ պատշաճ պայմաններին, քոլեջների՝ միջազգային ծրագրերին մասնակցության անբավարարությանը, միջազգային փոխանակման, առհասարակ համալսարանի միջազգայնացման ուղղությամբ դեպարտամենտի և համալսարանի կատարած պատկառելի աշխատանքի ոչ պատշաճ հանրայնացումը և այլն:
Արձագանքելով դեպարտամենտի պետի զեկույցին, ռեկտորը նշեց ոչ միայն շարժունության, այլև միջազգային հետազոտական և ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը, հավելելով, որ Միջազգային գիտական ծրագրերի բաժինը 2019թ.-ին կսկսի ակտիվորեն ծրագրերի հայտեր ներկայացնել միջազգային դոնորներին: Պարոն Ուռուտյանը բերեց Նիդերլանդների Մաաստրիխտի համալսարանի հետ ԱՈՒԿ-ի իրականացրած տուրիզմի զարգացման ծրագրի օրինակը:
Ռեկտորը գործընկերների ուշադրությունը հրավիրեց նաև ձևական պայմանագրերից խուսափելու և պայմանագրերը միայն հնարավոր և իրագործելի ծրագրերի հիման վրա կնքելու, ծրագրերը դուալ կրթության համակարգին անցման շրջանակում դիտարկելու անհրաժեշտության վրա: Շարժունության ծրագրերին մասնակցելու մրցույթները պետք է ավելի թափանցիկ իրականացնել, նշեց ռեկտորը՝ երկրորդելով պարոն Համբարձումյանի այն միտքը, որ միջազգային շարժունության մասնակիցները համալսարան վերադառնալուց հետո անպայման պետք է իրենց փորձը փոխանցեն ամբիոնների, դեկանատների և այլ ստորաբաժանումների գործընկերներին:
Կրեդիտների ճանաչելիության կարևոր խնդրի մասին խոսելիս ռեկտորը շեշտեց. «Փոխանակման ծրագրերի մասնակից ուսանողները տուրիստներ չեն, այլ մեր համալսարանի այցեքարտը: Արտերկրի բազմաթիվ գործընկեր համալսարաններ մեզ հետ գործակցային պայմանագրերը վերակնքում են հենց իրենց մոտ սովորած մեր ուսանողների շնորհիվ»: Գիտխորհրդի նիստն ավարտվեց Ամանորի և Սուրբ ծննդյան փոխադարձ բարեմաղթանքներով և 2019 թվականը մեր համալսարանի տարին դարձնելու վճռականության հավաստմամբ:

 

Calendar of Events

August 2019
S M T W T F S
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31