Ճշգրիտ գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրի փորձագետների մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկում է «Ճշգրիտ գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագիրը, որի շրջանակում հայտարարվում է փորձագետների ներգրավման մրցույթ:

ՀԱԱՀ-ը նոր մագիստրոսական ծրագիրը նախաձեռնել է՝ ելնելով Հայաստանում եւ տարածաշրջանում ագրոտեխնոլոգիաների կրթական ու հետազոտական գերազանցության կենտրոն դառնալու իր առաքելությունից: Նորարարական հերթական կրթական ծրագրի հեղինակը ՀԱԱՀ բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու Էմիլ Գեւորգյանն է, որը Ագրարային համալսարանի թիմին է միացել անցյալ տարի: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրամիության «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU GAIA) նախագիծը։ Պարոն Գեւորգյանը հեղինակել է նաեւ Կայուն գյուղատնտեսություն մագիստրոսական ծրագիրը։

Մեկ տարի տեւողությամբ այս ծրագիրը կոչված է բավարարելու ճշգրիտ գյուղատնտեսության ոլորտում մագիստրոսի որակավորում ունեցող մասնագետների կարիքը: Այդ պահանջարկը ձեւավորվում է այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են երկրատեղեկատվական համակարգերը, սարքավորումների համացանցային կառավարումը, ճշգրիտ գյուղատնտեսության տարբեր տեխնոլոգիաների օգտագործումը, հեռահար զոնդավորումը, երկրատարածական տեխնոլոգիաները, գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքերը, արհեստական բանականությունը եւ այլն:

Ակնկալվում է, որ մրցույթի արդյունքներով ընտրվելիք փորձագետ-խորհրդականները, ՀԱԱՀ Ագրարային ճարտարագիտության եւ Ագրոնոմիական ֆակուլտետների ղեկավարությամբ կկազմեն մագիստրոսական ծրագրի համապատասխան առարկայական ծրագրերը եւ կիրականացնեն ծրագրի տեխնիկական առաջադրանքով նախատեսված մի շարք այլ գործառույթներ:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: