Թեժ մրցավեճ՝ մեկ ընդհանուր մեծ թիմի ընկալմամբ

Ուսանողական խորհրդի հերթական նախաձեռնությունը թելադրված էր ուսանողներին եւ մանավանդ դասախոսներին բազմազբաղ առօրյայից կտրելու եւ լատինական «Առողջ մարմնում առողջ հոգի» ասացվածքի խորհրդով առաջնորդվելու անհրաժեշտությամբ: Ուսխորհրդի եւ ռեկտորատի թիմերը մի քանի նախնական պարապմունքներից հետո հոկտեմբերի 15-ին հավաքվել էին առաջին մասնաշենքի մարզադահլիճում:

Որքան ջերմ էին նախախաղային եւ հետխաղային ձեռքսեղմումները, փոխադարձ ժպիտներն ու հաճելի շփումները, այնքան անողոք, ստեպ-ստեպ՝ պարզապես դաժան էր մրցակցությունը մրցահրապարակում:

Երեք խաղափուլով անցկացված ընկերական հանդիպման վերջնական արդյունքը, դատելով դասախոսների բավականին «պատկառելի» քաշային կարգից եւ ուսանողների, թվում էր թե՝ ավելի բարձր պատրաստականությունից, պետք է խոստովանել, անսպասելի էր՝ 2:1 հօգուտ ռեկտորատի թիմի:

Մեծերի թիմը, թերեւս, նաեւ ավելի բուռն աջակցություն էր ստանում հանդիսատեսից՝ ի դեմս ռեկտոր Վարդան Ուռուտյանի եւ պրոռեկտոր Կարեն Մինասյանի: Նրանք էլ հաղթող թիմին հանձնեցին համալսարանի գավաթը եւ խորհրդանիշ բազեն:

Փորձի եւ երիտասարդության «սկզբունքային» մրցավեճը շատ գեղեցիկ եւ օգտակար առիթ դարձավ թիմերի անդամների համար՝ միմյանց եւ մրցակից թիմի անդամների հետ բարեկամական հարաբերություններն ամրապնդելու, միասին Ագրարայինի մեկ ընդհանուր թիմ ընկալ(վ)ելու առումով: