ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի՝ «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր – 2025 » մրցույթի շրջանակում ֆինանսավորման երաշխավորված 25RG-2D189 ծածկագրով Այգեգործական ռոտացիոն հողամշակ մեքենայի էներգախնայողական բանվորական օրգանների ու հաղորդակի մշակում, հետազոտություն ծրագրի շրջանակում մայիսի 10-16 այցելել եմ Իտալիա` Թուրինի համալսարան։ Նպատակն էր հանդիպել ծրագրի արտասահմանյան խորհրդատուին, ներկայացնել հաշվետու տարվա աշխատանքները, արդյունքները, ձեռքբերումները, ինչպես նաեւ քննարկել ընթացիկ հարցերն ու անելիքները։ Այցը բավականին հագեցած էր թե հետազոտական ծրագրի, թե գործընկերային հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից։
Մայիսի 11-ին այցելելով Թուրինի համալսարանի Գյուղատնտեսության, անտառտնտեսության եւ սննդագիտության ամբիոն (DISAFA)` հանդիպել եմ դեպարտամենտի աշխատակից եւ մեր ծրագրի արտասահմանյան խորհրդատու Ալեսանդրո Բիլիայի, դեպարտամենտի ղեկավար պրոֆեսոր Պաոլո Գայի, ինչպես նաեւ Դավիդե Ռիկաուդայի եւ Լորենցո Կոմբայի հետ։ Օրակարգի համաձայն ներկայացրել եմ ծրագրի բովանդակությունը, հետազոտական նպատակները, խնդիրները, կատարված աշխատանքները՝ նոր սկզբունքով աշխատող հողամշակ մեքենայի նախնական փորձարկումը, ինչպես նաեւ մշակման փուլում գտնվող, բոլորովին նոր կառուցվածքային լուծումներով հանգույցի աշխատանքի սկզբունքը, 3D մոդելը, կառուցվածքի եւ աշխատանքի առանձնահատկությունները, մանրամասնել այն գիտական վարկածը, որի շնորհիվ կնվազեն էներգածախսումները հողամշակման ընթացքում։ Մեծ հավանության արժանացավ հատկապես առաջարկվող նոր հանգույցը: Պայմանավորվեցինք քննարկումը շարունակել ՀԱԱՀ-ում:
Այնուհետեւ Ալեսանդրո Բիլիան ներկայացրեց իրենց համալսարանի կառուցվածքը, հետազոտական ուղղությունները։ Տպավորիչ էր, որ ունենալով գործունեության բավականին հարուստ ոլորտ եւ հնարավորություններ, այնուամենայնիվ կարեւորում են արտադրության հետ կապն ու աշխատանքը, որին ներգրավում են նաեւ երիտասարդների՝ հատկապես մագիստրատուրայից եւ ավելի բարձր կրթական մակարդակից։
Ինչպես պլանավորված էր, պրոֆեսորներ Բիլիայի եւ Ռիկաուդայի հետ մասնակցեցինք արտադրական փորձարկումների՝ համալսարանի արդյունաբերական գործընկերներից մեկի տարածքում, քաղաք Բուրսայում։ Փորձարկումներում, որ պլանավորվել էին DISAFA -ի գիտաշխատողները, կոնկրետ գիտական ծրագրի շրջանակում էին իրականացվում, ներգրավված էին նաեւ մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի ուսանողներ։ Հատկանշական է, որ հետազոտական աշխատանքները հիմնականում ուղղված են գյուղտեխնիկայի մեխանիկական շարժաբերման համակարգի մասնակի կամ ամբողջական փոխարինմանը ինքնավար էլեկտրական սնուցման համակարգով՝ գեներատորներով։ Ինչպես պարզաբանեց պրոֆեսոր Գայը, նպատակը լավարկելն է, որպեսզի ծախսվող էներգիան փոխարինվի էլեկտրականով։ Իսկ հեռահար նպատակն է գյուղատնտեսության մեջ կիրառվող ինքնավար ռոբոտ համակարգերի նախագծումը:
Եւս մեկ անգամ կարեւոր է ընդգծել այն փաստը, որ արտադրության հետ համատեղ իրականացվող հետազոտական աշխատանքները բավականին արդյունավետ են, քանի որ բոլոր անհրաժեշտ կառուցվածքային եւ շահագործական տվյալները, որոնք ելակետ են ճշգրիտ եւ հավաստի արդյունքի համար, տրամադրում է արտադրողը։ Հենց նա էլ դառնում է արդյունքի կիրառողն ու տնօրինողը։
Հետաքրքիր էր համալսարանական այն ստորաբաժանումներ այցը, որոնք առնչվում են առավելապես ագրարային ճարտարագիտությանը եւ հարակից ոլորտներին։ Պրոֆեսոր Պաոլո Գայի եւ Ալեսանդրո Բիլիայի հետ այցելեցինք ջերմատուն, հողային պաշարների հեռազննման, գյուղատնտեսության մեքենայացման եւ ռոբոտատեխնիկայի (ինքնավար հենասարքերի) լաբորատորիաներ։ Մանրակրկիտ ներկայացվեցին ընթացիկ աշխատանքները, արդյունքները, այն բոլոր չափիչ սարքավորումները, որոնց միջոցով իրականացվում են գյուղմեքենաների դաշտային փորձարկումները եւ մեխանիկականից էլեկտրական սնուցման ձեւափոխված փորձանմուշ մեքենաները՝ փորձարարական առանձնահատկություններով հանդերձ։ Հատկանշական է, որ այս ամենը իրականանում է համալսարանական կապերի, մասնավորապես արդյունաբերական գործընկերների հետ համատեղ հետազոտական ծրագրերի շրջանակում։
Տարողունակ էին նաեւ ռոբոտատեխնիկայի լաբորատորիայում կատարվող հետազոտական ուղղությունները, որոնք նվիրված էին թեք լանջերի վրա տեխնիկայի կայունության, ընթացքի կառավարման սենսորային տեղորոշման, շարժաբերման եւ դրանց անկախ կառավարման հարցերին, որն, ի դեպ, իրականացվում է նաեւ ՀԱԱՀ-ի Դաշտավարության եւ անասնապահության մեքենայացման բաժնում՝ բազային ֆինանսավորման գիտական ծրագրի շրջանակում։ Եւ այդ կապակցությամբ ցանկություն հայտնեցի հաջորդ այցին քննարկել փորձի փոխանակման հնարավորությունը։
Հանդիպեցի համալսարանի Միջազգային կապերի ստորաբաժանման աշխատակցի հետ, որը համակարգում է Erasmus+ շարժունության ծրագրերը: Հուսանք, Թուրինի համալսարանը կհամալրի ՀԱԱՀ-ի միջազգային գործընկերների պատվավոր ցանկը։
Չորրորդ օրը նախատեսվում էր այց գործընկեր կազմակերպություններ, որոնք գյուղատնտեսական մեքենաների արտադրության ասպարեզում մասնագիտացած՝ միջազգայնորեն հայտնի ընկերություններ են։ Այցելեցինք Պիեմոնտ նահանգում գտնվող FRANDENT GROUP S.R.L. հանրահայտ կազմակերպություն եւ տեխնիկական կառավարչի հետ եղանք արտադրամասերում: Հաջորդը ՕLMIAGRI S.R.L ընկերություն էր, որը մասնագիտացած է այգեգործական գործիքների եւ մեքենաների պատրաստման եւ միջազգային վաճառքի մեջ։
Ամփոփելով, կարելի է փաստել, որ մեր երկարամյա նպատակասլաց աշխատանքները եւ գործունեությունը հնարավորություն են տալիս եւ երաշխավորում շփվել եւ համագործակցել միջազգային գործընկերների հետ մասնագիտական բավարար փորձառությամբ եւ անգամ նորարարական առաջարկներով։ Սա արժեքավոր փորձ էր հետագա հավակնոտ հետազոտական աշխատանքների համար։
Արթուր ԱԼԹՈՒՆՅԱՆ
ՀԱԱՀ Գյուղատնտեսության մեքենայացման եւ ավտոմատացման ԳՀԻ Դաշտավարության եւ անասնապահության մեքենայացման բաժնի վարիչ, տ․ գ․ թ․, դոցենտ





















