Գաղափարներ հանուն ավելի առողջ Հայաստանի․ դիպլոմային նախագծերի պաշտպանություն ԱՈՒԿ-ում

Այսօր՝ հունիսի 2-ին Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի ավարտական կուրսի ուսանողները պաշտպանեցին դիպլոմային նախագծերը, փոքր վերապահումով՝ պաշտպանեցին փայլուն։

Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը արդեն 26 տարի եղել եւ մնում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դրոշակակիր կրթական ստորաբաժանումը։ Եւ երբ հանձնաժողովի նախագահ Դավիթ Իսկանդարյանը ավարտական աշխատանքների պաշտպանությունը «հայտարարեց» հետագա հաջողությունների սկիզբ՝ վստահությունը գալիս էր ԱՈՒԿ-ի բոլոր տարիների շրջանավարտների մասնագիտական կայացման տպավորիչ պատմությունից։

Դիպլոմային նախագծերի թեմաները ներառում էին՝ պղպեղի արտադրություն, ռեստորանային սննդի թափոնների կառավարում, գինու արտադրության մնացորդներից կոսմետիկայի արտադրություն, օրգանական քաղցրավենիք, մասուրի թփուտների հիմնում․․․ Բոլոր նախագծերում ամեն ինչ հիմնավորվում էր՝ մարկետինգային միքսը, ընկերության դիրքավարումը, ֆինանսական վերլուծությունը, մարկետինգային պլանը, մեթոդաբանությունը, ընկերության իրավակազմակերպական կարգավիճակը, առանցքային գործընկերությունը, մրցակցությունը եւ ամենը՝ կամ գերազանց կամ կատարյալ անգլերենով։

«Փոխադարձ» ակտիվությամբ աչքի ընկավ հանձնաժողովը, որի կազմում նաեւ ՀԱԱՀ-ի նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանն էր․ յուրաքանչյուր ուսանող հանձնաժողովի յուրաքանչյուր անդամից ստանում էր մի շարք հարցեր։ Նախագծերի պաշտպանությունը հաճախ կարելի էր շփոթել ինքնաբավ մասնագետների բարձր մակարդակի քննարկումների հետ։ Զարմանալի չէ, քանզի ուսանողները, ԱՈՒԿ-ի միջազգայնորեն մրցունակ կրթական ծրագրի տեսական ու գործնական մասերը յուրացնելուց զատ, նաեւ լուրջ հետազոտություններ են կատարել դիպլոմային աշխատանքներին շրջանակում, աշխատել ղեկավարների հետ եւ ի վերջո հանգել միանգամայն իրատեսական (որոշ դեպքերում՝ իրական, արդեն գործող) բիզնես առաջարկների։

Ներկաները եւս մեկ անգամ զգացին ԱՈՒԿ-ի ոճը՝ սթափ, հիմնավոր, աշխատող բիզնես առաջարկներ՝ անպայման համեմված մեր ուանողների յուրահատուկ ջերմությամբ, էներգիայով եւ ուղերձով․ «մենք աճեցնում ենք գաղափարներ, կապեր եւ հարակայուն սովորույթներ՝ հանուն ավելի առողջ Հայաստանի»։