Շարասյունով գալիս էին, հերթով խփեցի. Մարտական խաչի ասպետ Գագիկ Դավթյան

Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի Գյուղատնտեսության էլեկտրիֆիկացում եւ ավտոմատացում մասնագիտության առաջին կուրսի ուսանող Գագիկ Դավթյանը այնպիսի «աշխատանքային» հանգստությամբ է պատմում իր սխրագործությունների մասին, ասես խոսքը ոչ թե տանկեր, այլ ճանճեր ճզմելու մասին է… Եվ միայն որոշ ժամանակ անց ես գիտակցում-ընկալում, որ աշխարհում չկա եւ չի կարող լինել որեւիցե ուժ, որ կոտրի-խեղի հայի ազնիվ գենը, անկոտրում ոգին ու բնատուր տաղանդը:

Գագիկը Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Ծովինար գյուղի ծնունդ է, իր գերդաստանի, համայնքի, իր կուրսեցիների ու ծառայակից ընկերների հպարտության առարկան, համեստ, հանգիստ, հավասարակշռված, նպատակասլաց ու հմայիչ անհատականություն:

Ծառայության վերջին շրջանն էր, երբ սեպտեմբերի 25-ին Սանասարի զրահատանակային գումարտակից, որտեղ ինքը ծառայում էր, տագնապով իրենց տարան Ջրական: Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Ջրականի շրջանում տեղի ունեցած թեժ մարտերի ընթացքում արձանագրված հերոսական բազում դրվագներից մեկն էլ Գագիկն է կերտել: «Հակատանկիստ եմ, Ֆագոտ հրթիռային համակարգերի փոխարեն, որ նահանջներից մեկի ժամանակ մնացին թշնամուն, մեզ տվեցին Կորնետներ՝ ավելի հզոր  հակատանկային հրթիռային համակարգեր… Երբ մեծ տանկային շարասյունով  թուրքերը հարձակվեցին, մեր դասակի առաջադրանքն էր կանգնեցնել ու ետ մղել թշնամուն: Ես իմ Կորնետով ոչնչացրեցի մեկը, ապա դրանից անմիջապես հետո շարժվող տանկը վնասազերծեցի, որից հետո երրորդը՝ երկրորդից անմիջապես հետո եկողը: Այդպիսով, թշնամու հարձակումը կասեցրինք ու ստիպեցինք նահանջել: Դա երկար չտեւեց՝ ընդամենը մի 5-6 րոպե»,- կարծես ինչ-որ ֆիլմի մասին պատմում է Գագիկը:

Ավագ սերժանտ Գագիկ Դավթյանը դասակի հրամանատարի զոհվելուց հետո էր ստանձնել հարամանատարությունը («հրամանատարությունը մնաց ինձ վրա»), եւ նա զինվորներին ցույց տվեց իսկական հրամանատարի եւ տղամարդու լավագույն օրինակը:

Ցուցաբերած արիության, մասնագիտական հմտության ու սառնասիրտ գործողություններով մարտական առաջադրանքը փայլուն կատարելու համար Գագիկ Դավթյանն արժանացել է պետական բարձր պարգեւի՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի: Ծառայությունը փառքով ավարտած ու զորացրված Գագիկը Արցախ վերադարձավ հունվարի 21-ին՝ «Խաչը» ստանալու համար:

… Նահաջի ժամանակ Գագիկն ուզում էր փրկել նաեւ Ուրալ բեռնատար մեքենան, բայց գումարտակի շտաբի պետի հրամանով ստիպված է եղել նահանջել, եւ այդ հրամանը փրկել է Գագիկի կյանքը. ԱԹՍ-ներից տեղացող հարվածներից մեկն էլ նույն այդ բեռնատարն է թողել տեղում:

Հրաշքով փրկված, հերոսացած, 20 տարեկանում շատ բան տեսած, հասուն այրի խտացված հսկայական փորձ կուտակած Գագիկն այժմ շարունակում է իր ուսումը սիրած մասնագիտությամբ, որպես Ագրարային համալսարանի «սովորական» ուսանող՝ ընկերների, դասախոսների եւ իհարկե սիրելի ծնողների ու հարազատների սիրով ու գուրգուրանքով պարուրված:

Շնորհակալություն, Զինվոր: