ՀԱԱՀ-ի «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղ

Գ. Մելյան

Մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար

Հետադարձ կապ

  • 1101. Էջմիածին, Իսի Լե Մուլինո 1
  • Հեռ: 374231 56970,
  • agrobioacca@mail.ru

Պատմությունը և նպատակը

«Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնը» կազմավորվել է 2004թ, Գյուղատնտեսության նախարարության «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն»-ի կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի բազայի վրա: Առաձնահատուկ ուշադրության արժանացնելով բույսերի բազմազանության պահպանման կարևորությանը՝ 2005թ.-ին ՀՀ Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնում ՀՀ Գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ ստեղծվել է Բույսերի գենետիկական ռեսուրսների ազգային բանկը: 2012թ. գիտական կենտրոնը միավորվել է «Հայաստանի պետական ագրարային համալսարան» ՊՈԱԿ-ին, որպես մասնաճյուղ:

2014 թ.-ից կենտրոնում գործարկվել է մշակաբույսերի աճեցման աերոպոնիկայի համակարգը:Ներկայումս գիտական կենտրոնը ՀԱԱՀ (Հայաստանի ազգային ագրարային համալսարան) հիմնադրամի մասնաճյուղ է, որն ունի երկու բաժին՝

  1. Կենսատեխնոլոգիական մեթոդներով (ներառյալ աերոպոնիկայի մեթոդը) մշակաբույսերի բազմացման բաժին,
  2. Մշակաբույսերի և դրանց վայրի ազգակիցների ազգային գենբանկ, ինչպես նաև՝
  • Փորձարարական տնտեսություն՝ Ստեփանավանում
  • ջերմատուն ՝ Էջմիածնում:

Գիտական կենտրոնն աշխատանքներ է իրականացնում հետևյալ հիմնական ուղղություններով.

  1. մշակվել և ներդրվել է դժվար իրացվող սոդային աղուտ-ալկալի հողերի քիմիական մելիորացման տեխնոլոգիան, երկաթարջասպի, խիտ ծծմբական թթվի, աղաթթվի կիրառմամբ: Վերջին տարիներին սոդային աղուտ-ալկալի հողերի յուրացման համար կիրառվում է ոչ կոնտակտային էլեկտրոմելիորացիայի մեթոդը, որպես մելիորանտներ օգտագործվել են բնական ադսորբենտներ (ցեոլիտ, դացիտային տուֆ), ակտիվացված գիպս, ինչպես նաև արդյունաբերության թափոն հանդիսացող ցեմենտի փոշին, գինու և կոնյակի արտադրության թափոն`«Բարդա»-ն,

  2. Հյուսվածքային կուլտուրայի և աերոպոնիկայի մեթոդների կիրառմամբ բույսերի առողջ տնկանյութի մասսայական արտադրության տեխնոլոգիաների մշակում և կիրառում,
  3. վիրուսների իմունոֆերմենտային անալիզ (ELISA),
  4. գյուղատնտեսական մշակաբույսերի արժեքավոր սորտերի, ավանդական եղանակով դժվար բազմացող բույսերի սորտերի, տեսակների և եզակի նմուշների արագ բազմացում՝ in vitro,
  5. պարենի արտադրության և գյուղատնտեսության վարման համար օգտագործվող բույսերի գենետիկական ռեսուրսների (ՊԳԲԳՌ) հավաքում, գնահատում և պահպանություն Ex situ (սերմերով),
  6. գենբանկի տվյալների բազայի վարում,
  7. 6. բույսերի in vitro պահպանություն ( վեգետատիվ բազմացող բույսեր ),
    բույսերի in vitro սելեկցիա, գենետիկական բազմազանության ստեղծում՝ in vitro էմբրիոկուլտուրայի եւ մուտագենեզի օգտագործմամբ:

Գիտական կենտրոնը կիրառական բնույթի հետազոտություններ է իրագործում ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ֆինանսավորվող բազային և գիտական ու գիտատեխնիկան գործունեություն պայմանագրային (թեմատիկ) մեկական ծրագրերով։

Կենտրոնում գիտահետազոտական աշխատանքներ են տարվել կարտոֆիլի, պտղատուների (ունաբ, դեղձ, նուշ և այլն), անփուշ մոշի, ելակի, խաղողի, ծաղկային և դեկորատիվ բույսերի (վարդ, մեխակ, քրիզանթեմ, շուշան, գլոքսենիա, մանուշակ, ֆիկուս, էուստումա և այլն), որոշ ծառատեսակների, դեղաբույսերի (միրտ, կատվախոտ, կալանխոե, ստեվիա, ֆիզալիս և այլն) կենսատեխնոլոգիական մեթոդների կիրառմամբ զանգվածային բազմացման տեխնոլոգիաներ մշակելու և ներդրման ուղղությամբ: Գենբանկի գործունեությունն ուղղված է Ex-situ եղանակով գյուղատնտեսական մշակաբույսերի և դրանց վայրի ազգակիցների պահպանմանը: Այն նախատեսված է երաշխավորելու, որ այդ ռեսուրսներն օգտագործվելու են նաև սելեկցիոներների և ֆերմերների կողմից: Առանց բույսերի գենետիկական ռեսուրսների արժեքավոր նմուշների պահպանման անհնար է ընդարձակել սելեկցիայի և սերմնաբուծության աշխատանքները:

Կենտրոնը համագործակցում է CGIAR միջազգային հետազոտական կենտրոնի, COST-ի (Եվրոպական համագործակցություն գիտական և տեխնիկական ոլորտներում), Ռուսաստանի Դաշնության, Բելոռուսի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Պերուի, Նիդերլանդների, Վրաստանի, Սլովակիայի, Ճապոնիայի, Ուզբեկստանի և այլ երկրների գիտական հաստատությունների հետ` համատեղ գիտարշավներ կազմակերպելու, ԲԳՌ նմուշների փոխանակման, բույսերի միկրոբազմացման և այլ բնագավառներում:

Կենտրոնն ունի 19 աշխատողներ, որոնցից 10-ը գիտական աշխատողներ են, այդ թվում 6-ն ունեն գիտական կոչումներ: