ՈՒԳԸ-ն բարձրության վրա է, ֆակուլտետներում լավ նորություններ կան, որակի հարցում ճիշտ ուղու վրա ենք․
Գիտխորհրդի հունիսի 30-ի՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ կայացած հերթական նիստի օրակարգի առաջին հարցը վերաբերում էր Ուսանողական գիտական ընկերության աշխատանքների կատարման ընթացքին եւ խնդիրներին․ զեկուցմամբ հանդես եկավ ՈՒԳԸ նախագահ Զարուհի Հովեյանը։ Նա անդրադարձավ ՈՒԳԸ վերջին երեք տարիների գործունեությանը, որ բավականին ակտիվ է եղել՝ ամբիոնների հետ ակտիվ աշխատանք, ամփոփիչ գիտաժողովներ 2022 եւ 2023 թթ․, «Հայացք» ուսանողական գիտական ժողովածուի հրապարակում, միջբուհական գիտական շաբաթների կազմակերպում, որոնց ընթացքում հանդիպումեր են կազմակերպվել հայտնի գիտնականների հետ, մասնակցություն միջազգային գիտական իրադարձությունների, հոդվածի հրապարակում Սկոպուս միջազգային շտեմարանում եւ այլն։ ՈՒԳԸ նախագահը որպես խնդիր ներկայացրեց ավարտող ուսանողներին նորերով փոխարինելուն առնչվող որոշակի դժվարությունը։ Իսկ գիտական (եւ ոչ միայն) խնդիրների լուծման լավագույն հնարավորություն դիտարկեց առաջիկայում համալսարանում բացվելիք Ուսանողների հաջողության կենտրոնը։
Ընդլայնված գիտխորհուրդ․ տնտեսագիտականում ամփոփեցին ՈՒԳ շաբաթը
Ագրոբիզնեսի եւ շուկայաբանության ֆակուլտետի գիտխորհրդի ընդլայնված նիստը՝ ՈՒԳ շաբաթն ամփոփելու եւ անելիքները հստակեցնելու համար: Բացելով այն՝ դեկանը՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը, գոհունակություն հայտնեց կատարված ահռելի աշխատանքի համար. «Ուսանողական գիտական ընկերությունը հրաշալի դպրոց է, որ սկսվում է ամբիոններից եւ շարունակվում ընդհուպ մինչեւ միջազգային հարթակներ»:
Ամբիոնները երաշխավորել էին 31 աշխատանք: Ներկայացվեց 22-ը, որոնցից 12-ը՝ ԱԷԿ, 2-ը՝ Տվյալագիտության, մեկը՝ ԱՈՒԿ-ից, մյուսները՝ Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնից: Ընդսմին, հեռակա համակարգը ներկայացնում էր մեկ, քոլեջը՝ 4, ասպիրանտուրան՝ 1 հոգի:
Ուսանողական գիտական շաբաթ մայիսին
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը հրավիրում է մասնակցելու ուսանողական գիտական շաբաթին, որը կկայանա մայիսի 15-ից 20-ը:
Գիտական շաբաթը ներառում է նաեւ Միջբուհական գիտաժողով, որին կարող են մասնակցել ՀՀ բուհերի ուսանողները:
Միջբուհական գիտաժողովին մասնակցելու համար ՀՀ բուհերի ուսանողները (բացառությամբ Ագրարային համալսարանի ուսանողների) մինչեւ 2022 թ. մայիսի 10-ը հոդվածները պետք է ուղարկեն ՈՒԳԸ՝ [email protected] էլ. հասցեով:
ՈՒԳԸ աշխատանքներ. հողի ջրապարունակության բարելավում
Հողի՝ խոնավության կամ ջրի պահպանումը նվազեցնում է վազի՝ ջրի իրական պահանջարկը եւ թույլ է տալիս ապահովել ջրի առկայությունը առավել անհրաժեշտ ժամանակաշրջաններում։ Այս խնդրի լուծման միջոցներից է մուլչապատումը։
Մուլչապատումը վաղուց հայտնի մեթոդ է, ըստ որի վազի շուրջ հողի մակերեսը ծածկվում է որեւէ շերտով՝ պաշտպանելով արմատները շոգից, ցրտից կամ երաշտից եւ մաքուր է պահում վազը։ Մուլչաշերտերը լինում են օրգանական կամ անօրգանական ծագման։ Անօրգանական ծագման շերտ կարող են հանդիսանալ պլաստիկի կտորներ, քարեր, ապարների ջարդոններ եւ այլն։ Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսությունում առաջարկում ենք օրգանական ծագման միջոցներ՝ վազերը մուլչապատելու համար։ Այդպիսի միջոցներ կարող են լինել ծղոտը եւ կոմպոստը։ Այս միջոցները գրեթե անվճար են եւ կարող են հանգեցնել ոռոգման նպատակով օգտագործվող ջրի ծախսերի խնայողության, որն էլ իր հերթին կիջեցնի խաղողի ինքնարժեքը։
Ուսանողներն արժանապատվորեն շարունակում են Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի գիտական ավանդույթները
Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետը մշտապես աչքի է ընկել տարբեր, այդ թվում՝ միջազգային գիտաժողովներին թե՛ պրոֆեորադասախոսական կազմի, թե՛ ուսանողների ու ասպիրանտների ակտիվ մասնակցությամբ: Ուսանողական գիտական շաբաթվա հագեցած օրակարգը՝ 31 զեկուցում, եւս ասվածի վկայությունն է. կարելի է արձանագրել, որ ֆակուլտետն ունի ծանրակշիռ ներուժ՝ ոլորտում առկա խնդիրները վեր հանելու եւ գիտական լուծումներ առաջարկելու տեսանկյունից:
ՈՒԳ շաբաթ․ մասնագիտական կողմնորոշումը՝ կարեւոր ջրբաժան
Անասնաբուժական-անասնաբուծական ֆակուլտետի ուսանողական գիտաժողովները (նախագահ՝ Արեւիկ Աբովյան, քարտուղար՝ Ժիրայր Չիթչյան, ՈւԳԸ նախագահ՝ Մաշա Վարդանյան) ավանդաբար միշտ ուժեղ կազմ են ունեցել, եւ արդյունավետ են եղել: Հիմքում մեկ կարեւոր հանգամանք է. եւ պրոֆեսորադասախոսական կազմը, եւ ուսանողներն իրենց գործի ճշմարիտ նվիրյալներ են՝ տոգորված բարձր գիտակցություն-համոզմամբ, որ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտի, հանրային առողջության պահպանման եւ սննդային անվտանգության գլխավոր պատասխանատուներն են:
Գիտական շաբաթ․ առաջին կուրսեցիները զարմացնում են նաեւ օտար լեզուներով
Ուսանողական 23-րդ գիտաժողովի եւ Ուսանողական գիտական շաբաթվա գերհագեցած ծրագրի շրջանակում մայիսի 17-ին Ագրոնոմիական ֆակուլտետի Հայոց եւ օտար լեզուների ամբիոնը կազմակերպել էր ֆակուլտետի առաջին կուրսի, ինչպես եւ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի մի խումբ ուսանողների զեկուցումների ներկայացումը։
Առաջնային նպատակը լեզուների իմացության մակարդակի բարձրացման խրախուսումն էր, եւ ֆակուլտետի, ամբիոնի ու քոլեջի ղեկավարությունն ու աշխատանքների ղեկավար դասախոսները, այս առումով, հասան իրենց նպատակին։ Սակայն ավելի կարեւոր հանգամանքն այն է, որ օտար լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, առաջին կուրսի ուսանողներն ու քոլեջականները կարողացան պատշաճ մակարդակով ներկայացնել իրենց հետազոտությունների արդյունքները, որոշ դեպքերում՝ բիզնես գաղափարները, մեկ-երկու դեպքում՝ արդեն մեկնարկած գործունեությունը։
ՈՒԳ գերհագեցած շաբաթ․ ապրանքային շուկայի աշխարհագրությունից մինչեւ ցեղասպանագիտություն
Մայիսի 18-ին ժամանակագրորեն իրար մոտ (կես ժամի տարբերությամբ), բովանդակային առումով խիստ տարբեր, բայց շատ հետաքրքիր հանդիպումներ էր կազմակերպել Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետը:
Նախ հյուրընկալեցին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ, տնտեսագիտության թեկնածու Դավիթ Հովհաննիսյանին, քիչ ավելի ուշ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համեմատական ցեղասպանության բաժնի վարիչ, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, պատմագիտության թեկնածու Սուրեն Մանուկյանին: Հյուրերին ներկայացրեց դեկանը՝ պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը:
ՈւԳ շաբաթ. Տեխնոլոգիական բաժանմունքում, ինչպես միշտ, հետաքրքիր էր, համեղ եւ զգլխիչ
Ուսանողական շաբաթը ողջ թափով ընթանում է ֆակուլտետային բաժանմունքներում: Մեկ տարվա ընթացքում կատարած հետազոտությունների, փորձարկումների արդյունքները ամփոփելու եւ հանրայնացնելու ճիշտ ժամանակն է:
Տեխնոլոգիականի ՈՒԳԸ նիստի մասնակիցներին բարի մեկնարկ եւ արդյունավետ աշխատանք մաղթեց դեկան Սմբատ Դավեյանը. «Համալսարանական կյանքում ամենակարեւոր իրադարձություններից մեկն է սա: Ծրագրային հավատարմագրման գործընթացում կարեւորվում է հետազոտական աշխատանքներում ուսանողների ներգրավվածությունը, վարկանշավորման անհրաժեշտ բաղադրիչ է: Այսօր 15 զեկուցում ենք լսելու եւ գնահատելի է, որ հեռակա համակարգից նույնպես ուսանողներ կան»: