Հայաստանում օրգանական գյուղատնտեսության ոլորտի պրակտիկ մասնագետների և հետազոտողների պակասը լրացնելու համար Ավստրիայի զարգացման համագործակցությունը (ADC) «Բարձրագույն կրթություն և հետազոտություններ հանուն միջազգային զարգացման համագործակցության» (APPEAR) ծրագրի միջոցով նախաձեռնեց «Խթանել օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում» (BOAA) նախագիծը: Նախագիծն իրականացնում են Վիեննայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների (BOKU) համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ՀԱԱՀ) և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը: BOAA ծրագրի նպատակն է մշակել և իրականացնել օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական կրթական ծրագիր: Ծրագիրը կմշակվի շահակիցների խորհրդի ակտիվ մասնակցությամբ` հաշվի առնելով ծրագրի իրականացման մասնակցային մոտեցումը: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 3 տարիների ընթացքում (2017-2020): BOAA ծրագիրն իրականացվում է 3 փուլով:
Փուլ 1. Օրգանական գյուղատնտեսության ոլորտի մասնագիտական կարիքների ուսումնասիրություն
Առաջին փուլում ֆոկուս խմբային քննարկումների և հարցազրույցների միջոցով հավաքվեցին անհրաժեշտ տվյալներ, որոնք օգտագործվեցին ոլորտի կարիքները բավարարող ուսումնական պլան ստեղծելու համար: Կարևորելով մագիստրոսական ծրագրի պատրաստման մասնակցային մոտեցումը՝ նախագծի շրջանակում ձևավորվեց շահակիցների խորհուրդ, որում ներգրավված ոլորտի մասնագետների հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս ստեղծել տեղայնացված և կիրառելի ուսումնական պլան:
Փուլ 2. Օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրի ուսումնական պլանի մշակում շահակիցների և ծրագրում ներգրավված ՀԱԱՀ դասախոսների ակտիվ մասնակցությամբ.
Այս փուլում արդեն իրականացվել է ՀԱԱՀ դասախոսների վերապատրաստում 2 փուլով. ՀԱԱՀ 3 դասախոսներ վերապատրաստվել են BOKU համալսարանի օրգանական երկրագործություն բաժնում՝ ստանալով արդի գիտելիքներ դասավանդման նորարարական մեթոդների և օրգանական գյուղատնտեսության տարբեր ճյուղերի վերաբերյալ: Վերապատրաստման կարևոր մասն էին դաշտային այցելությունները: Վերապատրաստման 2-րդ փուլում BOKU համալսարանից Հայաստան ժամանած 5 դասախոսներ լսարանային և դաշտային աշխատանքների միջոցով իրականացրեցին վերապատրաստում հետևյալ թեմաներով՝ օրգանական գյուղատնտեսության ներածություն, ցանքաշրջանառություն, հողի բերրիություն, բույսերի սննդառություն, օրգանական անասնաբուծություն, օրգանական համակարգային մտածողություն և սցենարների պլանավորում: Վերապատրաստման ընթացքում կազմակերպված անհատական և խմբային աշխատանքները նպաստեցին մագիստրոսական ծրագրի ուսումնական պլանի լրամշակմանը:
Փուլ 3. Օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրի վերջնականացում, հանրայնացում և իրականացում.
Այս փուլում ծրագրի վերաբերյալ տեղեկատվական արշավ կսկսվի կայքի, հոդվածների, ուսանողների իրազեկմանն ուղղված և հանրային միջոցառումների միջոցով:
Հետադարձ կապ`
ՀՀ,Երևան, 0009, Տերյան 74
I մասնաշենք, 127 սենյակ
Հեռ/ֆաքս +37412 58-58-08, +37412 56-74-11, ներքին` 401, 402
E-mail: [email protected], [email protected]