Ռեկտոր

Վարդան Էդիկի Ուռուտյան

տնտ.գիտ.թեկն., դոցենտ

ՌԵԿՏՈՐ

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, 322 սենյակ
  • (+374 10) 52-45-41, ներքին` 3-45
  • [email protected]

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի ողջույնի խոսքը

Ողջունում եմ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պաշտոնական կայքի բոլոր այցելուներին և շնորհակալություն հայտնում համալսարանի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար:
Խորը հարգանքով արժևորելով երկրի միակ ագրարային բուհի ավելի քան 90-ամյա պատկառելի պատմությունը և այդ պատմությունը կերտողների գործը՝ համալսարանը վերջին տարիներին  էական առաջընթաց քայլ է արել ագրոտեխնոլոգիական կրթագիտական գերազանցության կենտրոնի փոխարկման ճանապարհին։ Բարեփոխումներն ընդգրկել են ուսումնական պլանների հիմնարար փոփոխությունները՝ ելնելով երկրի ագրոպարենային ոլորտի առջև ծառացած այսօրվա կոնկրետ խնդիրների լուծման անհրաժեշտությունից, ոլորտում գիտական կարևոր արդյունքների ստեղծմանն ուղղված քաղաքականության ու գործելակերպի արմատավորումը և լաբորատոր ու ուսումնաարտադրական հսկայածավալ հզորությունների ստեղծումը:

Այսօր Ագրարային համալսարանում հիմնավորապես փոխված են նաև ուսանող-դասախոս հարաբերությունների որակը, դասավանդման մեթոդներն ու ուսանողների գնահատման համակարգը, որոնք համահունչ են միջազգային չափանիշներով:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը շարունակաբար ավելացնում է սեփական դերն ու կշիռը ազգային, տարածաշրջանային և համաշխարհային կրթական տարածքում: Դասավանդման ու ուսումնառության ուսանողակենտրոն միջավայրն էլ գալիս են լրացնելու պայմանների այն ամբողջությունը, որը համալսարանին թույլ կտա վերաբրենդավորվել որպես տարածաշրջանային նշանակության արդիական ագրոտեխնոլոգիական բուհ:

Մենք համալսարանական մշակույթի անքակտելի մաս ենք դարձրել գյուղատնտեսական գիտությունը՝ թե հիմնարար և թե կիրառական, ինչպես նաև ստանձնել ոլորտի գիտասփյուռ-խորհրդատվական գործունեության պատասխանատվությունը՝ այսպիսով ապահովելով գյուղատնտեսական կրթության, գիտության և խորհրդատվության եռամիասնական համակարգի բնականոն ընթացքը։ Պատրաստ ենք համագործակցել գյուղատնտեսական հանրության բոլոր շահակիցների հետ՝ ոլորտում առկա հիմնախնդիրների լուծումները նշված երեք մակարդակներում միասին գտնելու նպատակով՝ օգտագործելով ավանդական մասնագիտական գիտելիքն ու թվային նորագույն տեխնոլոգիաները։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի կենսագրությունը

Վարդան Ուռուտյանը ծնվել է 1977թ. Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում: 1994թ. ոսկե մեդալով ավարտելով Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ: 1999թ. գերազանցությամբ ավարտել է վերանվանված Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետը՝ «Համաշխարհային էկոնոմիկա» մասնագիտությամբ: 1999-2002թթ. եղել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի «Տնտեսագիտության տեսություն» ամբիոնի ասպիրանտ: 2002թ. հաջողությամբ պաշտպանելով «Ագրոպարենային համակարգը և նրա զարգացման պետական կարգավորման հիմնական ուղղությունները անցումային շրջանում (ՀՀ օրինակով)» թեմայով ատենախոսությունը, ավարտելով ԵՊՏԻ-ի ասպիրանտուրան՝ ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

2003թ. ավարտել է Կանադայի Գուելֆի համալսարանի հետասպիրանտական հատուկ դասընթացը: 2006-2012թթ. ընթացքում Համաշխարհային բանկի ինստիտուտի կողմից ստացել է 4 հավաստագիր: Վ. Ուռուտյանը մշտապես զբաղվել է գիտելիքների կատարելագործմամբ և գիտահետազոտական աշխատանքների իրականացմամբ: Բազմիցս գործուղվել է եվրոպական և ամերիկյան համալսարաններ փորձի փոխանակման և վերապատրաստման նպատակով: 2008թ. ավարտել է Տեխասի A&M համալսարանում կազմակերպված «Առաջնորդություն և կրթության կառավարում» հատուկ դասընթացը, իսկ 2011թ.՝ Մաաստրիխտի կառավարման դպրոցի «Բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարում» գործադիր կառավարման ծրագիրը:

2000թ. սեպտեմբերից առ այսօր աշխատում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, ԱՄՆ գյուղդեպարտամենտի և Տեխասի A&M համալսարանի կողմից հիմնադրված Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում (Ագրոբիզնեսի դեպարտամենտ) որպես դասախոս և հետազոտող: 2005թ.-ից նշված կենտրոնի (դեպարտամենտի) փոխտնօրեն էր, իսկ 2007թ. սեպտեմբերից՝ տնօրենը: Գերազանց տիրապետում է անգլերենին և ռուսերենին, ինչպես նաև մի շարք վերլուծական ծրագրակազմերի (SPSS, SIMETAR և այլն): Անգլերեն լեզվով դասավանդում է «Ֆինանսների կառավարում», «Ֆինանսների վերլուծություն» և «Գյուղատնտեսական կոոպերատիվներ» դասընթացները: Մասնակցել է տարածաշրջանային և միջազգային մի շարք հետազոտական ծրագրերի: Եղել է Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի փորձագետ և բազմիցս մասնակցել այդ կառույցների իրականացրած հետազոտական ծրագրերին՝  որպես թիմի ղեկավար և գլխավոր հետազոտող:

2007թ. Վ. Ուռուտյանը ստացել է դոցենտի կոչում, իսկ 2010թ. փետրվարից Տեխասի A&M համալսարանի Գյուղատնտեսական էկոնոմիկայի դեպարտամենտի ասոշիեյթ պրոֆեսոր է: 2014թ.-ից մշակել և իրականացրել է միջազգային չափանիշներին համապատասխանող մի շարք կրթական ծրագրեր Վիրջինիայի տեխնոլոգիական և նահանգային համալսարանի, Ֆրեզնոյի նահանգային համալսարանի, Փենսիլվանիայի նահանգային համալսարանի (ԱՄՆ) և Գայզենհայմի համալսարանի (Գերմանիա) հետ: Վ. Ուռուտյանը անդամակցում է գիտահետազոտական բազմաթիվ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Պարենի և ագրոբիզնեսի կառավարման միջազգային ընկերակցությանը (IFAMA), Գյուղատնտեսական տնտեսագետների միջազգային (IAAE) և Եվրոպական ընկերակցություններին (EAAE) և Կոոպերատիվների միջազգային դաշինքի հետազոտական խորհրդին (ICA RC):

Վ. Ուռուտյանը հրատարակել է 37 գիտամեթոդական աշխատանքներ, որից 33-ը՝ ատենախոսության պաշտպանությունից հետո, իսկ 23-ը ներկայացվել են միջազգային գիտաժողովներում: Աշխատանքների թվում են երկու ուսումնամեթոդական ցուցումներ: Աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ գովասանագրերի և հավաստագրերի: 2002թ. դեկտեմբերին ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը և 2005թ. մայիսին դեսպան Ջոն Էվանսը Վ. Ուռուտյանին պարգևատրել են գնահատանքի հավաստագրերով: 2011թ. Վ. Ուռուտյանը պարգևատրվել է ՀՊԱՀ ոսկե հուշամեդալով, իսկ 2015թ.՝ ՀԱԱՀ ոսկե մեդալով: 2013թ. խրախուսվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի շնորհակալագրով:

Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի երեք որդի:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի գիտական գործունեությունը

Դեռ ուսանողական տարիներից ագրոբիզնեսի տնտեսագիտության հանդեպ ունեցած հատուկ հետաքրքրությունը մեծապես որոշարկեց Վարդան Ուռուտյանի գիտական գործունեության հետագա ընթացքը: Շուրջ 4 տասնյակ գիտական ուսումնասիրություններում, որոնցից 23-ը ներկայացվել են տարբեր երկրներում անցկացված միջազգային գիտաժողովներում, նա վեր է հանում Հայաստանի գյուղատնտեսության և ագրոբիզնեսի ոլորտի հրատապ հիմնախնդիրներ և առաջարկում արդիական մոտեցումների ու միջազգային գործելակերպերի վրա հիմնված գործնական լուծումներ:

Իրականացրել է հետազոտական բազմաթիվ նախագծեր և ոլորտային ուսումնասիրություններ, որոնք հանգեցրել են երկարաժամկետ, հարակայուն արդյունքների. մասնավորապես, դրանց հիման վրա արվել են ներդրումներ, իրականացվել հաջողված ծրագրեր, կատարվել օրենսդրական փոփոխություններ: Իրականացված ուսումնասիրությունների ու նախագծերի թեմաներն ընդգրկում են գյուղատնտեսական կրթության բարեփոխումներից մինչև կոոպերատիվների մասին օրենսդրության ստեղծումը, գինու արդյունաբերության իրավիճակային գնահատումից մինչև գյուղատնտեսական կոնկրետ մթերքների արժեշղթայի վերլուծություն, գյուղարտադրության ոլորտի տարբեր շահակիցների ֆինանսական գրագիտությունից մինչև օրգանական գյուղատնտեսության ոլորտի կարողականության զարգացում, ջերմատնային մշակաբույսերի արտադրությունից և կառավարումից մինչև գյուղացիական տնտեսության վարման տնտեսական արդյունավետության գնահատման համապիտանի մոդելների ստեղծումը:

Պարոն Ուռուտյանի գործընկերային կապերը Եվրոպայի, Ամերիկայի և բազմաթիվ այլ տարածաշրջանների առաջատար համալսարանների ու գիտական հաստատությունների հետ, ըստ էության, ապահովել են Ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի դեպարտամենտի (Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի) տեղը միջազգային կրթագիտական տարածքում:
 Վարդան Ուռուտյանի գիտական հոդվածների ցանկը

    Նամակ ռեկտորին