hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երկուշաբթի, Սեպտեմբեր 10

Առաջին կուրսեցիները նոր ուսումնական տարվա,
ՀԱԱՀ-ի և ապագայի սպասելիքների մասին 

Արդեն մեկ շաբաթ է` իր բնականոն ընթացքի մեջ է մտել նոր 2018-2019 ուսումնական տարին, որին առանձնահատուկ սիրով ու հետաքրքրությամբ էին սպասում հատկապես առաջին կուրսեցիները: Ինչ սպասումներով են նրանք սկսել իրենց ուսումնական նոր կյանքը և ինչու են ընտրել հատկապես Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, ներկայացնում ենք ստորև:

Ընդամենը մեկ շաբաթ է, որ Ագրարային համալսարանի ուսանող եմ, բայց արդեն հասցրել եմ սիրել համալսարանը, ձեռք բերել նոր ընկերներ: Համալսարանում մեզ առաջին իսկ օրվանից շատ ջերմ դիմավորեցին թե՛ դասախոսները, թե՛ ուսանողական խորհրդի անդամները, ովքեր մեզ համար հաճելի անակնկալ էին պատրաստել՝ էլ ավելի տոնական դարձնելով ուսանողական կյանքի առաջին օրը: Ես ընտրել եմ ՀԱԱՀ-ի «Գյուղատնտեսության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումեր» մասնագիտությունը, քանի որ աշխատանքների մեքենայացումը և ժամանակակից տեխնիկայի ու տեխնոլոգիաների կիրառումը կարևոր է ցանկացած ոլորտում, այդ թվում՝ գյուղատնտեսության և գյուղատնտեսական արտադրության մեջ: Ինձ միշտ հետաքրքրել են մեքենաները, տեխնիկական տարբեր սարքավորումները և հույս ունեմ, որ ընտրածս մասնագիտությունն ինձ հնարավորություն կտա ագրարային ոլորտի մեքենայացման համար մշակել և կյանքի կոչել տեխնոլոգիական նոր լուծումներ:

Հովհաննես Սարյան
Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի ֆակուլտետ


Նախքան ՀԱԱՀ ընդունվելը, սովորել եմ Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի «Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն» բաժնում, մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրել եմ գինեգործության և գարեջրագործության պատմությունը՝ որոշելով շարունակել մասնագիտական կրթությունս արդեն բարձրագույն ուսումնական հաստատությունում: Քանի որ ագրարային ոլորտում բարձրագույն կրթություն իրականացնող պետական միակ բուհը ՀԱԱՀ-ն է, ուստի ընտրեցի Ագրարային համալսարանի «Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն» մասնագիտությունը: Համոզված եմ, որ երկար տարիների պատմություն ու հարուստ ավանդույթներ ունեցող բուհն ինձ կտա այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք կարող եմ օգտագործել ապագայում: Ուզում եմ դառնալ ներկայանալի մասնագետ՝ զինված հզոր գիտելիքներով ու հմտություններով, նորովի զարգացնել մեր դարավոր հայրենիքի գինեգործական հարուստ ավանդույթները: Վստահ եմ, որ նպատակիս իրականացման ճիշտ ճանապարհին եմ:

Աննա Մելքոնյան
Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետ


Ավարտելով 9-րդ դասարանը՝ ուսումս շարունակել եմ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանրակրթական ծրագրերի վարժարանում, որն էլ վճռորոշ դեր խաղաց մասնագիտությանս ընտրության հարցում: Հենց այստեղ հասկացա պարենամթերքի արտադրության ոլորտի կարևորությունը՝ հասարակությանն անվտանգ սննդով ապահովելու հարցում, ուստի ընտրեցի Ագրարային համալսարանի Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետը: Քանի որ շատ եմ սիրում կաթնամթերք, որոշեցի մասնագիտանալ «Կաթի, կաթնամթերքի, մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա» մասնագիտությամբ: Ես հասկանում եմ իմ մասնագիտության կարևորությունը, գիտակցում, որ կարող եմ օգտակար լինել մարդկանց, հատկապես՝ մանուկներին՝ նրանց համար արտադրելով անվտանգ, էկոլոգիապես մաքուր կաթնամթերք ու ֆունկցիոնալ մանկական սնունդ: Համոզված եմ, որ համալսարանում սովորելու տարիներին ձեռք կբերեմ այնպիսի գիտելիքներ, որով կկարողանամ իմ ներդրումն ունենալ ոլորտում, ստեղծել կաթնամթերքի նոր արտադրատեսակներ և իհարկե ունենալ լավ, բարձր վարձատրվող աշխատանք:

Աշխեն Չիլինգարյան
Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետ


Արդեն մեկ շաբաթ է՝ սովորում եմ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոնոմիական ֆակուլտետի առաջին կուրսում: Ընտրել եմ «Ագրոէկոլոգիա» մասնագիտությունը, քանի որ այն իր բնույթով եզակի և պահանջված մասնագիտություն է բոլոր ժամանակների համար և առավել ևս արդիական է այսօր, երբ կարիք կա էկոլոգիապես մաքուր ու բնական գյուղատնտեսական մթերքներ արտադրելու: Ուզում եմ իմ մասնագիտական կարողություններով նպաստել բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, շրջակա միջավայրի պահպանությանը, էկոլոգիապես անվտանգ սննդամթերքի արտադրությանը:

Սաղումյան Հայկ
Ագրոնոմիական ֆակուլտետ


Մասնագիտության ընտրությունը մարդու կյանքում ամենակարևոր և դժվար քայլերից մեկն է. ընտրել ճանապարհ, որով պիտի քայլես ու բարձրանաս վեր ամբողջ կյանքիդ ընթացքում: Կյանքի այս վճռորոշ փուլում ես ցանկանում էի ընտրել յուրօրինակ ու հետաքրքիր մի այնպիսի մասնագիտություն, որով կկարողանամ օգտակար լինել թե՛ մարդկանց, թե՛ բնությանը: Եվ ահա կանգ առա ՀԱԱՀ-ի «Կենսագործունեության անվտանգություն» մասնագիտության վրա: Մասնագիտություն, որն առնչվում է արտակարգ իրավիճակներում բնակչության անվտանգության ապահովման մեթոդների կատարելագործմանը, քաղաքացիներին բնական աղետներից ու արտակարգ իրավիճակներից պաշտպանելուն, առաջին բուժօգնություն ցուցաբերելուն, տրանսպորտային էկոլոգիայի և երթևեկության անվտանգության բարձրացմանը: Կարծում եմ, որ մասնագիտությունս կօգնի ինձ հասնել նպատակներիս իրականացմանը:

Լաուրա Գևորգյան
Հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի ֆակուլտետ

Ընդունվել եմ ՀԱԱՀ՝ ընտրելով «Կենսագործունեության անվտանգություն» մասնագիտությունը: Ի սկզբանե գիտեի, որ այն ինքնատիպ և կարևոր մասնագիտություն է, սակայն չէի պատկերացնում, որ կարող է այսքան հետաքրքիր լինել: Դեռ ընդամենը մեկ շաբաթ է, ինչ ուսանող եմ, բայց օր-օրի, ժամ առ ժամ մասնագիտությունս ավելի հետաքրքիր է դառնում, և ես սկսում եմ ինձ համար բացահայտել նոր իրողություններ, նոր երևույթներ:

Կառլեն Անտոնյան
Հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի ֆակուլտետ



Մեր ընտանիքն ինժեներների ավանդական ընտանիք է: Ինժեներ-մեխանիկներ են եղել պապս, հայրս, հերթը իմն է, ուստի ընտրել եմ Ագրարային համալսարանի «Գյուղատնտեսության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումեր» մասնագիտությունը: Ես կարծում եմ, որ ուսումնառության տարիներին Ագրարային համալսարանն ինձ համար կբացահայտի ագրարային ճարտարագիտության նոր ձեռքբերումները, կտա գյուղատնտեսական տեխնիկայի նորոգման և տեխնիկական սպասարկման վերաբերյալ արդիական գիտելիքներ ու հմտություններ, որոնք ես նորովի կկիրառեմ՝ շարունակելով ընտանեկան ավանդույթները և նպաստելով գյուղատնտեսության մեջ նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը:

Վլադիմիր Աբգարյան
Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի ֆակուլտետ

Ընդունվելով ՀԱԱՀ-ի Ա. Քոչինյանի անվան քոլեջ՝ մտածում էի, որ կունենամ նոր հաջողություններ և ձեռքբերումներ: Քոլեջում ուսանելու ընթացքում, խորանալով ագրարային կրթության մեջ, հասկացա, որ այն բավականին հեռանկարային է: Ավարտելով քոլեջը բարձր առաջադիմությամբ ՝ միանշանակ վստահ էի, որ պիտի շարունակեմ սովորել բուհում, և դա պիտի լինի Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: Հիմա ես Ագրարայինի ուսանող եմ , հստակ քայլերով գնում եմ առաջ: Ընտրել եմ «Գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում» մասնագիտությունը: Վստահ եմ, որ այստեղ՝ ՀԱԱՀ-ում, շնորհիվ բանիմաց դասախոսների ուսանողներս կկրթվենք, ձեռք կբերենք մասնագիտական գիտելիքներ, որոնք մեզ կօգնեն նվաճել շատ ու շատ բարձունքներ: Հպարտ եմ, որ ՀԱԱՀ-ի ուսանող եմ և բարձր կպահեմ համալսարանիս պատիվը:


Անահիտ Մանուկյան
Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետ

Նյութը պատրաստեց Նազելի Ավագյանը

 

Միջազգային դասընթացներ գյուղատնտեսության ոլորտում

Օքսֆորդի համալսարանում սովորելու հնարավորություն

Կրթաթոշակային ծրագիր

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10